«Հակահարված» art խմբի անդամներն «անկարգություն են արել»

ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվն ու ուսանողները հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Նոյեմբերի 22`-ին ժամը 13-ին, 4 հոգի  բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել և հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները և հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները և գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների և ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում:

Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը և ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը և թույլ չեն տա որևէ մեկին խանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է»:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի շենքում բախում էր տեղի ունեցել մի կողմից «Հակահարված» art խմբի անդամների և անվտանգության աշխատակիցների, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ու մի շարք երիտասարդների միջև:

Տեսանյութեր

Լրահոս