Մաքսիմ Հակոբյանը ապահովե՞լ է բնապահպան ակտիվիստների ախորժակը

Նոյեմեբերի  15-ին Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության պոչատարը վնասվել էր, որի հետևանքով պոչերը լցվել էին ճանապարհ: Այս դեպքի համար Սյունիքի բնապահապանության պետական տեսչությունն ընկերությանը տուգանել է 2,8 մլն դրամով: Սա, սակայն, որոշակի դժգոհություններ է առաջացրել բնակիչների շրջանում:

Կապանցի բնապահպան, «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Ողջունելի է, որ Բնապահպանության տեսչությունն արագ և ճշգրիտ հաշվարկեց ԴԳՄՔ-ի պոչատարի վնասման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը: Բայց այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով Ողջի գետում 12 ժամից ավելի պոչերի հոսք կար՝ շրջակա միջավայրին հասցված դրա վնասը գնահատվեց մոտ 400.000 դրամ: Իրադարձություններ, որոնք անվստահության մթնոլորտ են ստեղծում և որոնց պետք է տրվեն սպառիչ պարզաբանումներ»:

Ա. Փարսադանյանը նաև իր տարակուսանքը հայտնեց այն փաստի վերաբերյալ, որ «Դինո գոլդի» վթարի մասին խիստ էնտուզիազմով խոսող բնապահպանները ԶՊՄԿ-ի մասին որևէ խոսք չեն ասում:

Նշենք, որ Կապանում շրջող խոսակցությունների համաձայն՝ բնապահպաններից շատերը լռում են ԶՊՄԿ-ի գործունեության հետևանքով առաջացած վնասների մասին, քանի որ ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կարողանում է «ապահովել» բնապահպանների, այսպես ասած` «ախորժակը»: Կապանցիների ասելով՝ բնապահապաններից շատերը չեն հասցնում հասնել նույնիսկ մինչև Քաջարանի հայտնի արջի մոտ, որովհետև Մ. Հակոբյանը լավ գիտի իր «գործը»:

Կարդացեք նաև

Թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս մեղադրանքները՝ դժվար է ասել: Սակայն միաժամանակ նկատելի է այն, որ իսկապես բնապահպան ակտիվիստները ԶՊՄԿ-ի գործունեության հետևանքով առաջացած վնասների մասին գրեթե չեն խոսում:

 

Տեսանյութեր

Լրահոս