Լյովա Խաչատրյանը կասկածում է Գագիկ Ծառուկյանին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ հայտարարել էր, թե ինքը նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ արդեն իսկ որոշում կայացրել է: Նա մասնավորապես ասել էր. «Ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաև օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար»:
Սակայն, պարզվում է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կասկածում է, թե Գագիկ Ծառուկյանն իր մեջ որոշում կայացրել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ եթե պարոն Ծառուկյանը որոշում ունենար՝ կհայտարարեր այդ մասին: «Ես նման բան չեմ լսել, թե պարոն Ծառուկյանը որոշումն ընդունած լինի ու գրպանում դրած լինի: Առայժմ գնում է մի պրոցես, որ կուսակցության քաղխորհուրդը, ղեկավարը ծանոթանում են տարածքների գնահատակններին, թե ինչպիսի՞ն է վերաբերմունքը ԲՀԿ-ի և նրա առաջնորդի առաջադրման վերաբերյալ: Հիմա անալիտիկ գործընթաց է գնում՝ պարզել ակտիվի տրամադրությունը»,- ասաց Լ. Խաչատրյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե փաստորեն ԲՀԿ-ն որոշում չունի՝ ո՞ւմ է առաջադրելու նախագահական ընտրություններում, Լյովա Խաչատրյանը պատասխանեց, որ «ԲՀԿ-ն դեռ որոշում չունի»:
Տարածված լուրերին ի պատասխան, ըստ որոնց՝ ԲՀԿ առաջնորդն իր առաջադրման հայտարարությունը պատրաստվում է հրապարակել իր ծննդյան օրը, Լյովա Խաչատրյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակակից գործիչ է, և ոչ սոցիալիստական լիդեր, որոնք ամեն ինչ կապում էին ծննդյան օրերի հետ: Իսկ թե ե՞րբ հայտարարությամբ հանդես կգա ԲՀԿ առաջնորդը, բանախոսը շեշտեց, որ «Գագիկ Ծառուկյանն այն ժամանակ կանի հայտարարութուն, երբ լինի քաղխորհրդի որոշում»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ԲՀԿ-ն կմիանա՞ ԱԺ արտահերթ չկայացած նիստից հետո ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կմիանա: Ակնհայտ է, որ հիմնական օրենքը, 70-րդ հոդվածը խախտվել է, անտեսվել է»: