«Դավադրությունների տեսության ամենահմուտ մասնագետն Աշոտ Մանուչարյանն է»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ՀԱԿ-ԲՀԿ առանցքի վրա մեծ է Ռուսաստանի ճնշումը, և Ռուսաստանը` ի դեմս  կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկով հանդես եկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրան միացած կուսակցությունների,  Հայաստանում ձեռք բերեց քաղաքական գործընկեր, ինչը դրական է, քանի որ Ռուսաստանը ստիպված չի լինի այլ գործիքներ փնտրել Հայաստանում:

Մանուչարյանը նաև անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը` նշելով. «Ծառուկյանը կհայտարարի` ինչ որոշում է կայացրել, և Դուք չեք իմանա` որտե՞ղ է այդ որոշումը կայացվել, ես էլ չեմ իմանա, բայց Ծառուկյանն անպայման կհայտարարի»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Աշոտ Մանուչարյանի վերոհիշյալ հայտարարություններին, ասաց.

«Գաղտնիք չէ, որ մեր քաղաքական իրականության մեջ դավադրությունների տեսության ամենահմուտ մասնագետն Աշոտ Մանուչարյանն է: Կարծում եմ` անցել են այն ժամանակները, երբ մենք պետք է փորձենք այս կամ այն կուսակցության որոշման ետևում տեսնել կամ Կրեմլին կամ Վաշինգտոնին:

21-րդ դարի քաղաքական իրողությունները` «Real politik»-ը, ի վերջո, պահանջում է, որ մենք վերջապես հասկանանք, որ քաղաքական գործընթացները Հայաստանում տեղի են ունենում բացառապես ներհայաստանյան ազդեցությունների շրջանակներում:

Հայաստանյան քաղաքական իրադարձությունների ետևում այս կամ այն գերտերության ստվերներ, ականջներ փնտրելն ուղղակի անմտություն է»:

Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանն» իր որոշումներն իրականացնում է կուսակցության ներսում` բաց, հրապարակային քննարկումների արդյունքում:

Նա նաև ավելացրեց, որ նույն պատասխանը վերաբերում է նաև Մանուչարյանի` Գագիկ Ծառուկյանի որոշման վերաբերյալ արած տեսակետին. «Որոշումը կայացնելու է բացառապես ԲՀԿ-ն: Բնականաբար, որոշիչ է լինելու նաև Գագիկ Ծառուկյանի անձնական որոշման գործոնը: Հասկանում եմ, որ ինչ-որ ժամանակ դավադրությունների տեսության հետևորդ լինելը կարող էր ինչ-որ դիվիդենտներ բերած լինել տարբեր քաղաքական գործիչների, բայց ժամանակն առաջ է գնում, և չեմ կարծում, որ նման մտածողությամբ գործիչը կարող է մրցունակ լինել մեր օրերում»:

Իսկ մեր հարցին` այսինքն Դուք ընդհանրապես բացառո՞ւմ եք աշխարհաքաղաքական ուժերի ազդեցությունը Հայաստանի քաղաքական դաշտի վրա, ԲՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Ոչ, որևէ ազդեցություն այս կամ այն չափով բացառել հնարավոր չէ, բայց որոշումների կայացման մակարդակում, իհարկե, բացառում եմ»:


Տեսանյութեր

Լրահոս