«Ծառուկյանը կհայտարարի` ինչ որոշում է կայացրել, և Դուք չեք իմանա` որտե՞ղ է այդ որոշումը կայացվել»
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ, Աշոտ Մանուչարյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը` ի դեմս կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկով հանդես եկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրան միացած կուսակցությունների, Հայաստանում ձեռք բերեց քաղաքական գործընկեր` նշելով, որ այդ ուժը ձևավորվում ՀԱԿ-ԲՀԿ առանցքի շուրջ:
Վերջին օրերին ԲՀԿ-ի ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ կուսակցությունն ավելի շատ տրամադրված է նախագահական ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով` ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Այդ դեպքում Ռուսաստանի ընտրությունն ո՞ւմ վրա կանգ կառն՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի: Ի պատասխան 168.am-ի այս հարցադրմանը` Աշոտ Մանուչարյանը պատասխանեց.
«Որքան ես հիշում եմ «Բարգավաճի» ղեկավարն ասաց, որ ինքը որոշումն արդեն կայացրել է, և ճշգրիտ ցույց տվեց, թե որոշումներն ինչպե՞ս են կայացվում. ինքը որոշումն արդեն կայացրել է, բայց դեռ չի ասում, հետո կասի՝ կիմանաք: Ծառուկյանը կհայտարարի` ինչ որոշում է կայացրել, և Դուք չեք իմանա` որտե՞ղ է այդ որոշումը կայացվել, ես էլ չեմ իմանա, բայց Ծառուկյանն անպայման կհայտարարի»:
Ըստ Մանուչարյանի` հսկայական ճնշում կա աշխարհաքաղաքական ուժերի կողմից, և Հայաստանում ոչ թե միմյանց հետ բախվում են Ծառուկյանը, Սարգսյանը կամ մեկ ուրիշը, այլ բախվում են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Իսկ նման որոշումները կայացվում են դրսում, և ինչպես որոշվեց, այնպես էլ կլինի:
Իսկ Ռուսաստանի կեցվածքի վերաբերյալ Մանուչարյանը նշեց, որ չի կարող ասել, թե ում վրա կանգ կառնի Ռուսաստանի ընտրությունը.
«Անմեկնելի են Ռուսաստանի ճանապարհները», և հիշեցրեց Ռուսաստանի մասին ամենահայտնի ասացվածքը. «Умом Россию не понять!»: