Մեղքն ուրիշների վրա գցելը Տիգրան Սարգսյանի համար կենսակերպ է դարձել. Ժողովուրդ
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրոք յուրահատուկ կերպար է. նա չի զլանում ամեն անգամ իր հայտարարություններով ապշեցնել հասարակությանը: Ընդ որում, եթե նա պարզապես զավեշտալի արտահայտություններ աներ, ապա միգուցե նորմալ ընդունվեր, բայց երբ ամեն անգամ ցանկացած հարցում ձախողման կամ թերացման մեղքը փորձում է գցել ուրիշների վրա, արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ու նա այդպես է վարվում գրեթե միշտ, մեղքն ուրիշների վրա բարդելը Տ. Սարգսյանի համար կարծես կենսակերպ է դարձել:
Երեկ էլ վարչապետը «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցության ժամանակ հանձնարարել է պատկան մարմիններին մանրակրկիտ վերլուծություն կատարել և ուսումնասիրել, թե որոնք են երեխաների` կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները:
Փաստորեն, մինչև հիմա ՀՀ վարչապետը չգիտի, որ մեծամասամբ սոցիալապես անապահով երեխաներն են հրաժարվում կրթություն ստանալ: Իսկ միգուցե այնպես կառավարեին երկիրը, որ նախ` սոցիալապես անապահովներ քիչ լինեին, իսկ եղածներն էլ ձգտեին կրթություն ստանալ, ոչ թե նմանվել կիսագրագետ օլիգարխներին: Ինչևէ, այս երկրում մեղավոր են բոլորն անխտիր, բացի Տիգրան Սարգսյանից»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: