Մանկապարտեզում աղիքային ինֆեկցիա չի՞ գրանցվել

Օրերս տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական շրջանի  թիվ 22 մանկապարտեզում աղիքային ինֆեկցիա է գրանցվել: 168.am-ի հետ զրույցում, սակայն, ի պատասխան հարցի՝ մանկապարտեզի տնօրեն Կարինե Ավետիսյանն ասաց. «Նման բան չկա, դա հերքվել է: Տանից է եղել, ինչ-որ թունավորում է եղել: Հենց նոր խոսում էի ծնողի հետ, ասաց, որ հերքվել է, նման բան չկա՝ աղիքային ինչ-որ հիվանդություն, ինչ-որ ինֆեկցիա: Թունավորում է եղել, վերագրել են դրան»: Մանկապարտեզի տնօրենը նաև նշեց, որ նման երևույթ գրանցվել է միայն մեկ երեխայի մոտ, ու գրանցված դեպքը մանկապարտեզի հետ որևէ կապ չունի:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը 168.am-ի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց, որ առողջական խնդիրներ ունեցել են մանկապարտեզի երկու սաներ, ովքեր մանկապարտեզի տարբեր խմբեր են հաճախել: «Երեխաներից մեկի մոտ ռոտավիրուս է գրանցվել, մյուսի մոտ՝ անհայտ էթիոլոգիայի (պատճառ) գաստրոէնտերիտ, այսինքն՝ մրսել է կամ ինչ-որ այլ բան, ինֆեկցիա չէ: Սննդի հետ կապված ոչ մի բան չի եղել, այլ հիվանդություններ, այլ դեպքեր ևս չեն եղել»,- ասաց նա: Մարգարիտա Բաբայանի հաղորդմամբ՝ երկու երեխաներն էլ մոտ  4 տարեկան են. «Երեխաները հիմա լավ են: Մյուս օրն արդեն դուրս են գրվել, բարդություններ չկան, այլ հիվանդներ՝ ևս»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս