Տուժող կողմը միջնորդում է վերսկսել նախաքննությունը
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի, սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը միջնորդություն է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով վերսկսել գործով նախաքննությունը: Այս մասին փաստաբանը հայտնել է «Փաստինֆոյի» թղթակցին:
Վ. Էլբակյանն ընդգծել է, որ նախաքննական մարմինը չի ապահովել քննության բազմակողմանիությունը, վստահություն հայտնելո, որ սպանությունը չէր կարող մեկ անձ կատարել, ուստի նախաքննական մարմինը պետք է գործում ներգրավեր հանցագործության այլ հնարավոր մասնակիցների ևս:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից կայքին հայտնել են, որ միջնորդությունը նախաքննական մարմինը ստացել է և այն քննարկվում է:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել էր ապրիլի 12-ին, սպանության մեջ մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: Մեղադրյալի պաշտպան Լուսինե Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ գործի նյութերին սկսել է ծանոթանալ:
Հ. Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 188-րդ հոդվածների առաջին մասերով՝ սպանություն և ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելը, պահելը. ըստ «Փաստինֆո»-ի տվյալների, նրա մոտ հայտնաբերված որսորդական հրացանը հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված չէ: