Պետք է թեթև տանել Արամ Մանուկյանի հայտարարությունը. Շարմազանով
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր հայտարարել էր, թե բացի ՀՀԿ-ից՝ խորհրդարանական մնացած ուժերն այժմ պետք է միասնական ծրագիր մշակեն և պատրաստվեն կայանալիք նախագահական ընտրություններին: «Իշխանություններն իրենք են նպաստում դրան: Մենք պարտավոր ենք ստեղծել միասնական քաղաքական դաշինք և մասնակցել նախագահական ընտրություններին»,- ԱԺ դիմաց հավաքված ցուցարարներին այսօր ասել էր նա:
168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շամազանովն ասաց, թե պետք է թեթև տանել Արամ Մանուկյանի և ընդդիմադիր որոշ գործիչների նման հայտարարությունները:
«Դեռ շատ ոչ տրամաբանական հայտարարություններ կհնչեն: Իսկ ես մեկնաբանելու ցանկութուն չունեմ ոչ տրամաբանական հայտարարությունները: Իշխանությունը նպաստում է երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամեն ինչ անում, որ երկրում արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ շենքի դիմաց հավաքված ցուցարարներին է մոտեցել Արամ Մանուկյանը, ով նաև հայտարարել է, որ իշխանությունները հիանալի գիտեն, թե արդար ընտրությունների դեպքում իրենք ձայն չեն հավաքի նույնիսկ խորհրդարան անցնելու համար, չեն կարող հաղթել նաև նախագահական ընտրություններին: