ՍԴՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանին
Կիրակի օրն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել ՍԴՀԿ 125-ամյակին նվիրված հերթական միջոցառումը, որին մասնակցել է ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Այս միջոցառումն Աճեմյանն օգտագործել է իր ղեկավարած կուսակցության մեջ ընդդիմադիր հակումները զսպելու նպատակով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՍԴՀԿ ԿՎ անդամների միջև առաջացել էին տարաձայնություններ` առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հետ կապված:
Սեդրակ Աճեմյանը Հայաստանում հայտարարել էր, որ ինքը վստահում և հավանություն է տալիս նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, ինչը հարուցել էր ՍԴՀԿ ԿՎ մի քանի անդամների դժգոհությունը: Մեր տեղեկություններով` ՍԴՀԿ ԿՎ անդամները Հայաստանի նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հետ կապված եկել են համաձայնության:
Ըստ այդմ, ՍԴՀԿ ԿՎ-ն որոշել է, որ հարցը հայաստանյան կառույցի լիազորության շրջանակներում է, և իրենք ընդունելու և սատարելու են կառույցի ընդունած ցանկացած որոշում: ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դեկտեմբերի երկրորդ կեսին կհրավիրի արտահերթ համագումար, որտեղ և կորոշվի, թե կուսակցությունն ինչպես պետք է մասնակցի ընտրություններին: Ենթադրվում է, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը որոշում կկայացնի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և դրանով Սեդրակ Աճեմյանն իր խոսքի տերը կմնա: