Հանրապետական այլընտրանքը՝ տեղական ՀՀԿ-ական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է «նոր խոսք» ասել քաղաքականության ու քաղաքագիտության ասպարեզում:

Մինչ կուսակցության անդամների մի մասը քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է անցկացնում` նախագահական ընտրություններից առաջ ընդդիմությանը «համախմբելու», «միասնական ճակատով» հանդես գալու նպատակով, կուսակցության մեկ այլ անդամ` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայտարարել է թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ական Արման Սահակյանին սատարելու մասին: ԲՀԿ-ում, ինչպես պատահում է նման դեպքերում, իհարկե, գտել են այդ հարցի արդարացումը ևս` դա ԲՀԿ տարածքային կառույցի որոշումն է, որը բխում է բացառապես տեղական խնդիրներից:

Այսինքն` ԲՀԿ-ի Շիրակի մարզային կառույցն Արման Սահակյանի ծրագրերում տեսնում է տեղական նշանակության խնդիրները լուծելու հնարավորություն, դրա համար պաշտպանում է նրան: Իհարկե, ԲՀԿ-ականները եթե ազնիվ լինեն, պետք է հայտարարեն, որ այդպիսով վերադարձնում են պարտքը ՀՀԿ-ին` Սամվել Բալասանյանին Գյումրիի քաղաքապետ դարձնելու համար: Վերջինս, ինչպես գործող և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, առաջադրվել էր նրա առաջարկությամբ և ընտրվեց ՀՀԿ-ի պաշտոնական սատարման արդյունքում:

Սակայն դա, մեղմ ասած, գեղեցիկ չի հնչի ներկայիս քաղաքական խորհրդակցությունների ֆոնին: Ի վերջո, խորհրդակցությունների հարցում ԲՀԿ-ի ամենաակտիվ դաշնակիցն ու ջատագովը Հայ ազգային կոնգրեսն է, որը «թարսի պես»` թիվ 35 ընտրատարածքում առաջադրել է սեփական թեկնածուին` Մուրադ Գրիգորյանին: Կարծում ենք, ստեղծված իրավիճակում ամենաօպտիմալ լուծումը կլինի Մուրադ Գրիգորյանին ՀԱԿ շարքերից հեռացնելը` ավազակապետության կազմաքանդման գործում «հայաստանածին» ուժի դեմ դավադիր գործունեություն ծավալելու համար: Եթե Ս. Բալասանյանը սատարում է ՀՀԿ-ի թեկնածուին, ապա` բնականաբար ու միմիայն իշխող ռեժիմից ազատվելու ազնիվ մղումով:

Տեսանյութեր

Լրահոս