«Ժառանգությունը» 5 հոգով 8 երգ է երգում
168.am-ի հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով մեծամասնական ընտրակարգին, ըստ էության, ՀՀԿ-ին մեղադրեց երկիրը ֆեոդալականացնելու մեջ, ֆեոդալներ տեսնո՞ւմ եք քաղաքական դաշտում, Ձեր գործընկերների շարքում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց.
«Ես չէի ցանկանա անվանել ֆեոդալներ… Այն ժամանակ ՀՀԿ-ն ձեռնարկեց, և աստիճանական անցումը հասավ այն կետին, որ այսօր կա 41 մեծամասնական և 90 համամասնական ընտրակարգով ձևավորված ԱԺ: Մինչդեռ նախկինում մեծամասնական ընտրակարգը շատ ավելին էր, եթե չեմ սխալվում` 240, և ՀՀԿ-ն է, որ ձեռնարկել է դրա նվազեցումը: Եվ մենք այսօր ասում ենք, որ, նայելով քաղաքական գործընթացները` հետագայում պատրաստ ենք քննարկել այդ հարցը, և, եթե քաղաքական դաշտը, իսկապես, կայացած է, ապա որևիցե մեկը դեմ չէ անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգին:
Բայց մեր փաստարկներն այն է, որ այս փուլում դա անհնար է, և եթե մենք նայում ենք այսօրվա պառլամենտը, քաղաքական դաշտի զարգացած լինելը, ապա կարծում ենք, որ 100 տոկոս համամասնականի դեպքում երկիրը կլինի քաոսային իրավիճակում` վերցնենք խմբակցությունները, խմբակցություններում տիրող մթնոլորտն ու իրավիճակը: Պետք է «Ժառանգության» օրինակը բերեմ, որ 5 հոգով 8 երգ են երգում: Նույնը վերաբերում է նաև ՀԱԿ-ին: Այս պարագայում, խորհրդարանում ունենալով 100 տոկոս համամասնական և բանաձևել այն` խորհրդարանական կառավարման համակարգի, ապա նախ՝ պետք է ունենանք այս գործիքները, ապա այդ գործիքներով որոշակի գործողություն կատարենք: Մենք այդ գործիքները չունենք»:
Սահակյանի խոսքով` ինքն իր որևէ գործընկերոջ, ով մեծամասնական ընտրակարգով է ընտրվել ԱԺ պատգամավոր, ֆեոդալ անվանել չի կարող: Ըստ նրա` ֆեոդալը ենթադրում է, որ պետք է ունենա ճորտեր, և այլն, իսկ ինքը չի պատրաստվում աշխատավոր ժողովրդին ճորտ կամ նմանատիպ մեկ այլ որակում տալ: