Միկրոպրոցեսորների հայրը գալու է Հայաստան
Միկրոպրոցեսորների հայրը՝ Ֆեդերիկո Ֆաջջինը (Federico Faggin) մոտ օրերս գալու է Հայաստան: Նա նոյեմբերի 22-ին կայցելի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, որտեղ և միկրոպրոցեսորների ստեղծման հեղինակին կշնորհվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում ունեցած իր մեծ ավանդի համար: Այս մասին 168.am-ի թղթակցին հայտնեց ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը:
Նրա խոսքով՝ Ֆ. Ֆաջջինը նույն օրը ժամը 11:30-ին Պոլիտեխնիկում մասնագիտական կարճ զեկուցումով է հանդես գալու ոլորտի մասնագետների և ուսանողների համար:
«Միջոցառումը տեղի է ունենալու ճարտարագիտական համալսարանում, բայց դա չի նշանակում, որ այն փակ է լինելու այլ բուհերի համապատասխան մասնագիտությունների ուսանողների և մասնագետների համար»,- ասաց Վ. Խորասանյանը:
Տեղեկացնենք, որ միջոցառմանը կարելի է մասնակցել առանց նախօրոք գրանցման: