Խաչիկյանը նոր ցուցմունք կտա, նոր հանգամանքներում

ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, «Երևան» ՔԿՀ-ում գտնվող եղբորը՝ Վազգեն Խաչիկյանին, մշտապես հանդիպում է: Այս մասին ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:

«Նա դժգոհություններ ու բողոքներ չունի եւ լավ է»,- ասել է Հ. Խաչիկյանը: Հարցին, թե ինչո՞ւ նախաքննական մարմիններին Վազգեն Խաչիկյանը ցուցմունք չի տալիս, Ախթալայի քաղաքապետը պատասխանել է. «Չգիտեմ, համ էլ տեղս հարմար չի, համ էլ խոսալ չեմ ուզում»:

Փոխարենը` Հայկազ Խաչիկյանը նորություններ հայտնել է օգոստոսի 30-ին Վ. Խաչիկյանի հայրական տան վրա կատարված հարձակումներից: Ըստ տեղեկությունների՝ անհայտ մարդիկ հարձակվել էին Խաչիկյանների տան վրա, կոտրել տան դուռը, ինչպես նաև կրակել Ախթալայի քաղաքապետի մեքենայի ուղղությամբ:

Այս գործով ևս նախաքննություն է իրականացվում: «Մեկին բռնել են, նա Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության աշխատակից է՝ Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահը, իսկ մյուսը դեռ չգիտենք, փնտրում են»,- ասել է Հայկազ Խաչիկյանը:

Կարդացեք նաև

Իսկ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դեռ նախաքննական մարմիններին ցուցմունք տալու ցանկություն չունի:

«Նա արդեն որպես վկա հարցաքննվել է և էլ ասելիք չունի, հիմա նրան որ հարցաքննեն որպես մեղադրյալ, նորից նույնը պիտի ասի, դրա համար չի խոսում: Սա և պաշտպանական տակտիկա է, և մարդը իրա իրավունքից է օգտվում, չի ուզում` չի խոսում»,- ասել է փաստաբանը: Ըստ Ժ. Վարոսյանի՝ Վ. Խաչիկյանը նոր ցուցմունք կտա այն ժամանակ, «երբ գործում նոր հանգամանքներ ի հայտ գան, և իրա անմեղությունն ապացուցելու խնդիր առաջանա»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը ձերբակալվելուց առաջ սպառնացել էր, որ կհրապարակի այդ գործում այլ մեղավորների անուններ՝ հայտնելով, որ ինքը միայնակ չի «կերել» այդ հսկայական գումարները: Վ. Խաչիկյանը մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք` նախատեսված արարք կատարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս