Ցելյուլիտ

Բուժիչ նամակներ

Եթե հետևում եք կանանց առողջության վերաբերյալ հոդվածներին, ապա նկատած կլինեք, որ արդիական խնդիրներից մեկը կնոջ համար ցելյուլիտն է։
Նույնիսկ ժամանակակից գեղարարական միջոցները, այդ թվում` նաև էլեկտրոնային սարքերը և նաև` ֆիթնեսի հետ կապված հույսերը չեն ազատում կանանց` ոչ հաճելի նարնջի կեղևը հիշեցնող թաղանթից, որ հաճախ հայտնվում է մաշկի վրա` ազդրերի հատվածում։

Ցավոք պետք է նշենք, որ այդ խնդիրը շատերին է անհանգստացնում` կանանց մոտ 85 տոկոսին։

Ունայն են այն հույսերը, թե խնդիրը հնարավոր է լուծել գեղարարական միջոցների օգնությամբ։ Մաշկի վրա առաջացած կեղևը շատ հաճախ ազդարարում է այն մասին, որ օրգանիզմում կան ֆունկցիոնալ խանգարումներ, որոնք ունեն բժշկական միջամտության կարիք։ Այդ է պատճառը, որ «ցելյուլիտ» կոչվող խնդիրը լուծելու համար ավելի հաճախ խորհուրդ են տրվում ոչ թե զանազան քսուքները կամ մերսումը, այլ նաև` բուժման այլ եղանակներ, որոնք ազդում են օրգանիզմի վրա ներսից։

Կարդացեք նաև

Ի դեպ, խոսքը գնում է ոչ թե դեղահաբերի, այլ բուժման այլընտրանքային միջոցի մասին` բուսաբուժության։ Նախ` կարևոր է իմանալ, որ միայն դեղաբուսային բուժումն ի զորու չէ լուծել խնդիրը. կարևոր է պահպանել որոշակի սննդակարգ։ Օգտակար է սահմանափակել բարձր կալիորականությամբ սնունդը` ճարպեր, շաքարներ, խմորեղեն, նույնիսկ, եթե ձեր քաշը նորմայի մեջ է։

Սննդի մեջ օգտագործեք միայն բուսական յուղ։ Նվազեցրեք ռաֆինացված շաքարի չափաբաժինը` փոխարինեք այն մեղրով և մրգերով։ Քացախի փոխարեն օգտագործեք կիտրոնի հյութ, սուրճը փոխարինեք եղերդակով, աղը` կանաչեղենով։
Ցելյուլիտի դեպքում անհրաժեշտ է օգտագործել բնական միզամուղ միջոցներ. սոխ, վարունգ, քարավուզ, կաղամբ, մաղադանոս, ելակ, գետնամորի, մեծ քանակությամբ խնձորի կեղևից, բալի կոթուններից պատրաստած եփուկներ և թուրմեր։
Ցելյուլիտի դեմ օգտակար է հազրեվարդը, քանի որ պաշտպանում է մաշկը արևի և որոշ այլ արտաքին ազդեցություններից, կանխարգելում է մաշկի չորացումը և ծերացումը։ Հազրեվարդը պարունակում է բազմաթիվ օրգանական թթուներ, ինչի շնորհիվ ունի բարձր հակաօքսիդանտ հատկություն։ Ցելյուլիտի դեմ պայքարի արդյունավետությունը զգալիորեն կբարձրանա, եթե օգտագործվի ձիաձետ դաշտայինը (տե՛ս «168 Ժամ», թիվ 109)։

Բույսը պարունակում է մոտ 10 տոկոս կրեմնիումի թթու, որը շատ կարևոր դեր է կատարում մաշկի կոլագենային հյուսվածքի գոյացման համար։ Ի դեպ, ձիաձետ դաշտայինից ստացված պատրաստուկները լայնորեն կիրառվում են գեղարարությունում` ցելյուլիտի դեմ, նաև այն պատճառով, որ պարունակում են զգալի քանակությամբ կալիում։ Բույսը կանխում է ճարպային շերտի և, հետևաբար, ցելյուլիտի առաջացումը։

Օրգանիզմի մաքրման և այտուցումը կանխարգելելու համար կարելի է օգտագործել հետևյալ` ազդեցիկ և մեզ քաջ հայտնի դեղաբույսերը.

  •   1 թ/գ ասպիրակի ծաղիկները 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ` օրը 4 անգամ, սնվելուց 1,5 ժամ առաջ կամ հետո։ Քամեք նախքան խմելը։
  •   2 թ/գ կեչու մանրացրած տերևը թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
  •   3 թ/գ կեչու բողբոջին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե պահեք եռացող ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
  •   1 թ/գ ուրցի խոտը թրմեք եռջրում. խորհուրդ է տրվում այն դեպքում, եթե ցելյուլիտն առաջացել է ճարպակալման հետևանքով։

Կարևոր է իմանալ, որ ուրցն օգտակար է վահանագեղձի բարձր ֆունկցիայի դեպքում` հիպերտիրեոզ, և պետք է զգուշանան հիպոտիրեոզով հիվանդները։ Ցելյուլիտի բուժմանը մեծապես նպաստում են այն դեղաբույսերը, որոնց պատրաստուկներն ունեն փափկեցնող և մաշկի առաձգականությունը բարձրացնող հատկություն։
Առավել շատ կիրառվող և ազդեցիկ միջոցը բաղեղ սովորականից ստացված քսուքներն են։ Կարևոր է իմանալ, որ բույսը թունավոր է. քսուքը կամ խոտն օգտագործելուց հետո պետք է լվանալ ձեռքերը։ Ցելյուլիտով վնասված ոչ մեծ հատվածները կարելի է վերացնել բաղեղի տերևով.

  • Մանրացրած տերևով շփեք վնասված հատվածը կամ տեղադրեք շոգեխաշած (եփած) տերևը։ Պահեք 2-3 ժամ։ Կարելի է նաև 24 ժամ թրմել տերևը տաք ջրում (1։20) և հաճախակի շփել ցելյուլիտով խոցված մաշկի հատվածները։
  •   Մանրացրեք, խառնեք 20-30-ական գրամ ծիծեռնախոտի և բաղեղի խոտերը, ավելացրեք 1 լ եռջուր, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Օգտագործեք տեղային թրջոցի կամ լոգանքի համար։

Քսուք. 20 գ բաղեղի խոտը մեկ շաբաթ թրմեք 100 մլ օղու մեջ, քամեք։ 20 մլ ոգեթուրմին խառնեք 1 թ/գ խնկածաղկի ոգեթուրմ, 10 թ/գ լանոլին և 130 գ վազելին։
Լոգանք. Մանրացրեք, խառնեք հավասար մասնաբաժիններով` ձիաձետի, նարդոսի, հազրեվարդի, եղեսպակի, խնկածաղկի, բաղեղի խոտերը։ 300 գ հումքին ավելացրեք 2 լ եռջուր, թրմեք 1 ժամ, ավելացրեք լոգանքի ջրին։ Լոգանքի տևողությունը` 15-20 րոպե, ջրի ջերմաստիճանը` 30-40 C։

Թուրմ. Մանրացրեք խատուտիկի խոտը, ասպիրակի ծաղիկը, եգիպտացորենի մազմզուկները։ 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

Տեսանյութեր

Լրահոս