Օրիկոյի ողբերգությունը
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն երեկ Հայ-ուրուգվայական խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների և հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ես անվտանգություն չունեմ և աշխատանքի եմ գնում իմ մեքենայով, որն ինքս էլ վարում եմ:
Մեր երկրում ժողովրդավարությունը խոսքեր չեն, այլ ապրելակերպ»: Հայաստանում, որտեղ պաշտոնյայի դիրքն ու ազդեցությունը որոշվում է նրա հետևից գնացող կորտեժի ու անվտանգության աշխատակիցների բազմաքանակությամբ, Օրիկոյին կարող են վերաբերվել, լավագույն դեպքում, խղճահարությամբ, ով իր երկրում այդքան հարգանք-պատիվ չունի, որ գոնե մեկ-երկու մեքենա հետևից ման գա:
Վատագույն դեպքում` նրա մասին կարող են մտածել` որպես ողորմելի անճարակի: Բայց դրա մասին երևի չեն արտահայտվի, քանի որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Ցեղասպանությունը, և հնարավոր է, որ ճանաչի ԼՂՀ ինքնիշխանությունը: