ԲՀԿ-ի նկատողությունը ՀԱԿ-ին` ձեզ կոռեկտ պահեք

Չնայած այն հանգամանքին, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ)-Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) համագործակցության «գաղափարական հայրը» ՀԱԿ-ն էր, ավելի Ճիշտ` Լևոն Տեր-Պետրոսյանն` իր հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ, այդ համագործակցության մեջ ակնհայտորեն թելադրող դերում հանդես է գալիս ԲՀԿ-ն:

ՀԱԿ-ի բարգավաճական անդամներն, իհարկե, հրապարակային հարթությունում ամեն ինչ անում են, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իրենք են ԲՀԿ-ին լավություն անում` փրկելով Սերժ Սարգսյանի հնարավոր ոտնձգություններից: Սակայն կոնգրեսական մեղմասացություններին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում: Լուրջ չի վերաբերվում նաև ԲՀԿ-ն` ՀԱԿ-ի կողմից արդեն մեկ տարի հնչող սիրահետումներին պատասխանելով կիսասառն անտարբերությամբ, լավագույն դեպքում` հեգնանքի բացակայությամբ: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ականները սկզբունքային, շատ սկզբունքային հարցերում ուղղակի ՀԱԿ-ին «տեղն են դնում», սակայն՝ անպատասխան:

ՀԱԿ-ի ոգևորությունը երեկ հերթական անգամ կոտրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ԲՀԿ-ի հետ կոնսուլտացիաների շուրջ ոգևորության հերթական ալիքն արտահայտելով` ասել է, որ իրենց նպատակն է՝ հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացմանը: «Դա է մեզ միավորում, ես վստահ եմ, որ գնալով հզորանում, ուժեղանում է մեր համախմբումը»,- հայտարարել է ՀԱԿ համակարգողը: Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ԲՀԿ-ի օրակարգո՞ւմ էլ կա Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացման հարցը, երեկ արտահայտվել է շատ կտրուկ. «Կարծում եմ` բացարձակապես ոչ կոռեկտ հարց եք տալիս»:

Նույն միտքը, փոքր-ինչ այլ ձևակերպմամբ, Նաիրա Զոհրաբյանն արտահայտել է նաև այսօր` ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Լրագրողների հարցին` ԲՀԿ-ի օրակարգում Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարց կա՞,  Ն. Զոհրաբյանը չի պատասխանել` ասելով, որ առջևում նախագահական ընտրություններ են, իսկ իրենք ասել են, որ նախագահական ընտրություններին առնչվող հարցերին կպատասխանեն ավելի ուշ:
Այսպիսով, ԲՀԿ-ն ՀԱԿ-ին անուղղակիորեն, միջնորդավորված արդեն հորդորում, գուցե ավելի ճիշտ կլինի ասել` հանձնարարում է` ավելի կոռեկտ լինել: Իրականում հենց դա է նշանակում Ն. Զոհրաբյանի պատասխանը, քանի որ ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ տոգորված ՀԱԿ համակարգողն արել է հայտարարություն, որի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու հարցը ԲՀԿ-ի կողմից որակվում է ոչ կոռեկտ:

Սա ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ձևական, ընթացակարգային մասն է, որը, վերջին հաշվով, այդ երկու ուժերի խնդիրն է: Ավելի կարևոր է, սակայն, Նաիրա Զոհրաբյանի հայտարարության բովանդակային իմաստը: ԲՀԿ-ն այսօր մեծ աղմուկով, մարզից մարզ ընկած` որպես այլընտրանք, անխնա քննադատում է կառավարությանը, նրան մեղադրում է ժողովրդին աղքատության հասցնելու, արտագաղթի ծավալներն ավելացնելու մեջ, խոսում է փոփոխությունների մասին… և քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում մի ուժի հետ, որը ոչ միայն հրապարակայնորեն հայտարարում է Սերժ Սարգսյանի ռեժիմը հեռացնելու մասին, այլ այդ ուժի ստեղծման միակ նպատակը, գոնե ժամանակին, եղել է հենց Սերժ Սարգսյանի հեռացումը:

ԲՀԿ-ականների հայտարարությունները, նաև ՀԱԿ-ի հետ թեկուզ խորհրդակցելու փաստը, քաղաքական տրամաբանության տեսանկյունից հուշում են, որ այդ ուժը ևս պետք է իր ջանքերն ուղղի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործին: Բայց, փաստորեն, դա ԲՀԿ-ի համար կոռեկտությունից դուրս գտնվող հարց է համարվում:
Այս դրվագը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ներկայումս ԲՀԿ-ն ինտենսիվորեն բանակցում է իշխանության, Սերժ Սարգսյանի հետ` առնվազն չբացառելով նրան սատարելու հնարավորությունը և իր կոնսուլտացիաներով ու աղմկահարույց այլ  նախաձեռնություններով ընդամենը ժամանակ է շահում:

Նաև հերթական անգամ փաստվում է, որ ԲՀԿ-ում Սերժ Սարգսյանի անվան նկատմամբ վետո կա դրված: Կարելի է քննադատել ամեն ինչ ու բոլորին` առանց գործող նախագահի անունը հնչեցնելու: Որովհետև Սերժ Սարգսյանը, բանակցությունների որոշակի ընթացքի դեպքում՝ կարող է դառնալ նաև իրենց թեկնածուն:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրա ներկայացուցիչները, թերևս, արդեն ստիպված պետք է լինեն համակերպվել ԲՀԿ-ի թելադրած խաղի կանոններին: Հիմա խառը ժամանակներ են, և ցանկացած «տարընթերցում» կարող է վնասել ԲՀԿ-ի «մեծ գործին», որին սպասարկելուն է լծվել նաև ՀԱԿ-ը: Ուստի, թերևս, ճիշտ կլինի, որ ՀԱԿ անդամները կարևոր հարցերի հետ կապված իրենց հայտարարություններն արդեն նախապես համաձայնեցնեն գոնե ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ: ԲՀԿ-ի կոռեկտությունը չխախտելու համար:


 

Տեսանյութեր

Լրահոս