Տնտեսագետ. Բյուջեն գոյատևմա՞ն է, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ
«2013թ. բյուջեի նախագիծն ամբողջությամբ կազմված է 2012թ. բյուջեի տրամաբանությամբ, կտրուկ շրջադարձեր չի ենթադրում, ինչն էլ առավել հիմնավորված է ու տեղավորվում է այն տնտեսական քաղաքականության տրամաբանության մեջ, որը որդեգրել է մեր երկիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Բանախոսի կարծիքով, նախատեսվում է եկամուտների մասով 13.2%-ով աճ, իսկ ծախսերն աճելու են մոտ 10%-ով, ինչի հաշվին էլ նախատեսվում է բյուջեի պակասուրդի կրճատում, ինչն էլ դրական երևույթ է համարվում: «Եթե 2012թ. բյուջեում պակասուրդը ՀՆԱ-ում կազմում էր 3.6%, ապա 2013-ի բյուջեի նախագիծը կազմում է մոտ 2.65%: Մենք ողջունում ենք նման ֆինանսական քաղաքականությունը»,- նշեց բանախոսը` չմանրամասնելով, թե ում նկատի ունի՝ «մենք» ասելով:
Հարցին, թե ինչպիսի՞ որակավորում կտա Կ.Խաչատրյանը 2013թ. պետական բյուջեին, արդյո՞ք այն կարելի է անվանել գոյատևման, բանախոսը պատասխանեց. «Մեկնաբանությունները տարբեր կարող են լինել, սակայն այն, որ բյուջեի 42.5%-ն ուղղվելու է սոցիալական ծախսերի վրա, ուստի, տրամաբանական է, որ այն սոցիալական է՝ ամեն դեպքում, ես այդպես եմ կարծում, իսկ արդյո՞ք այն գոյատևման է, թե՞ այլ ուղղվածության է՝ դատեք ինքներդ»:
Հարցին,թե արտաքին պարտքի մարման համար 2013թ.-ին բյուջեից որքա՞ն գումար է նախատեսել ծախսել կառավարությունը, տնտեսագետը պատասխանեց. «Ինչպես ասացի՝ այս տարվա բյուջեի նախագիծը ենթադրում է բյուջեի պակասուրդի կրճատում: Այս տարվա բյուջեի ծախսային հատվածի մոտ 4%-ն ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը»:
Ասուլիսի մեկ այլ բանախոսի՝ քաղաքագետ Էդգար Հակոբյանի կարծիքով, այս տարվա բյուջեի քննարկումներն անցել են բուռն, և դա ողջունելի է: «Շատ գովելի է, որ մեր ընդդիմադիրները ներկայացնում են իրենց առաջարկները և փորձում են իրենց դիրքորոշումը պահպանել քննարկումների ընթացքում: Հատկապես այս բյուջեի քննարկումն անցել է բավականին աշխույժ միջավայրում: Սակայն խնդիրը նրանում է, որ բյուջեն՝ իր տրամաբանությամբ, նախորդ բյուջեից չի տարբերվում, ու այն խմբակցությունները, որոնք նախորդ բյուջեին կողմ են քվեարկել, անտրամաբանական է, որ այս բյուջեին են պատրաստվում դեմ քվեարկել»,- նշեց քաղաքագետը: