«Հաճելի է, որ այս գործընթացում նաև իր մասնակցությունն է ունեցել իրեն օպոզիցիա չհայտարարած ԲՀԿ-ն»
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն՝ միանալով ՀԱԿ-ի կողմից արտահերթ նստաշրջան անցնացնելու մասին ստորագրությանը, մտավախություն չունի՞, որ քվորում, այնուամենայինիվ չի ապահովվի, ասաց. «Ես Ձեզ կոչ եմ անում որևէ քաղաքական ուժին առաջնահերթություն չտալ: Արտահերթ նիստի առաջարկ արել են ընդդիմադիր բոլոր խմբակցության պատգամավորները, և հաճելի է, որ այս գործընթացում նաև իր մասնակցությունն է ունեցել իրեն օպոզիցիա չհայտարարած ԲՀԿ-ն:
Երեկվա դրությամբ հաջողվել է 45 ստորագրություն հավաքել, և ասեմ, որ մեր խմբակցությունը միացել է ամբողջությամբ՝ հինգ պատգավոր ունենք, հինգն էլ ստորագրել են: Դժվար է կանխատեսել, որ իշխանությունը կհամաձայնի արտահերթ նիստի քվորման ապահովման համար և իրենց պատգամավորներին կհանձնարարի կամ կգործուղի, որ գան-գրանցվեն, բայց սա էլ, ըստ էության, առաջընթաց է այն օրակարգային հարցերի շուրջ համատեղ քննարկում անելու համար, որը վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը»:
Պատգամավորի խոսքով՝ քանի որ այդ նախագիծն իրենց կուսակցության պայքարի առանցքում է եղել տարիներ շարունակ, ապա իրենք ակտիվ մասնակցելու են այդ նիստին: Իսկ ինչ վերաբերում է քվորման ապահովմանը, Ա. Մինասյանն ասաց. «Ես չեմ կարող Հանրապետականների փոխարեն պատասխանել, առավել ևս, որ Հանրապետականներն առաջնորդվում են նժդեհյան մոտեցումներով, երևի իրենք պետք է պատասխանեն այդ հարցին»: