
Գյումրիում տեխնոլոգիական մասնագետների պահանջարկը մեծ է

Գյումրիի տեխնոպարկի ստեղծման ծրագրի հետ կապված մի շարք ընկերություններ արդեն հետաքրքրված են Գյումրիում իրենց տեխնոլոգիական ընկերությունները կամ ընկերությունների մասանճյուղերը բացելու վերաբերյալ: Արդյունքում՝ Գյումրիում կա տեխնոլոգիական ոլորտի կադրերի մեծ պահանջարկ, քան առաջարկն է:
Գյումրիի տեխնոպարկն ընկերություններին կապահովվի նյութական ռեսուրսներով՝ տարածք, համակարգիչներ, ինտերնետ, իսկ մարդկային ռեսուրսները հիմնականում կապահովի Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը՝ տարբեր վայրերից, օրինակ՝ Նյու- Յորքից, իրենց հետ կապ են հաստատել համագործակցության համար և Գյումրիում մասնագետներ ունենալու պարագայում հետագայում նաև հենց այնտեղ իրենց ընկերությունները ունենալու համար:
Ըստ Ա. Եղոյանի՝ Գյումրիում տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու հետաքրքրության և կադրերի պահանջարկի համար արդեն հաջորդ տարի Գյումրիի ՏՏ կենտրոն դիմելու տեղերի և ուսանողների թիվը կավելանա:
«Ներկայում Գյումրիի ՏՏ կենտրոնում սովորում է 45 ուսանող՝ վեբ և մոբայլ տեխնոլոգիաների բաժիններում, ուսանողների թիվն արդեն հաջորդ տարի կարող է ավելանալ մինչև 60 տեղ»,- ասաց Ա. Եղոյանը: Նրա խոսքով՝ իրենց մասնագետների պատրաստման գործում ներկայում մեծապես օգնում է Հայ օգնության ֆոնդը:
Ըստ Ա. Եղոյանի՝ արդեն հաջորդ տարի իրենք հնարավոր է նաև կադրեր պատրաստեն կոնկրետ ընկերությունների համար այն ուղղությամբ, ինչի կարիքը նրանք ունեն, որպեսզի նրանք իրենց համար աշխատակիցներ չփնտրեն Գյումրիից դուրս: