«Կներեք, պարո´ն Հարությունյան, Դուք բիզնեսմե՞ն եք, թե բնապահպանության նախարար»
Բնապահպանության նախարարությունն անում է այն, ինչ չպիտի անի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Էկոլոգիական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը:
«Եթե ես Ձեզ հրավիրեմ էկոլոգիական հասարակական դաշինք և ցույց տամ արխիվային ամբողջ նամակները, որ ուղարկվել է նախարարություն և´ պահանջների, և´ համագործակցության ակնկալիքով, Դուք կզարմանք: Բայց այդ նամակների, համագործակցության 2 տոկոսն էլ երևի չի կատարվել: Դա տարիների աշխատանք է: Այնպես չէ, որ մենք հիմա տեղներիցս վեր ենք կենում ու ասում, որ այս նախարարը մեզ ձեռք չի տալիս, թող թողնի գնա»,- ասաց Սիլվա Ադամյանը՝ հիմնավորելով, թե ինչու են իրենք պահանջում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Էկոլոգիական դաշինքի 47 անդամներ պահանջել էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:
«Բնապահպանության ոլորտը ոչ քաղաքաշինության ոլորտ է, որտեղ աշխատել է պարոն Հարությունյանը ժամանակին: Շատ լավ աշխատել է, ասում են, ես քաղաքաշինությամբ չեմ զբաղվել, այդ ոլորտի մասնագետը չեմ, բայց խնդիրը նրանում է, որ նա բնապահպան չէ հոգով: Ասում են`անձերի փոփոխությամբ ոչնիչ չի փոխվի: Բայց մենք կարծում ենք, որ անձը, որը ղեկավարում է բնապահպանության նախարարությունը, եթե շիտակ մարդ է, եթե ազնիվ է, կարող է իր ամբողջ աշխատակազմի վրա շատ լավ ազդեցություն ունենալ: Ինքը պետք է բնապահպանական խնդիրներին բնապահպանական մոտեցում ունենա: Նրա մոտեցումը բիզնեսմենի մոտեցում է»,- նշեց Էկոլոգիական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը:
Ըստ Սիլվա Ադամյանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չպետք է թույլ տար, որ «Գիլանում» կառուցվեր այդ շինությունը. «Թույլ չպտի տար, որ արգելոցը դառնար արգելավայր: Նա պիտի պայքարեր այնտեղ: Եթե Կառավարությունում պահանջ էր դրել, որ արգելոցը պիտի դառնա արգելավայր, պիտի պատերազմ սկսվեր: Երբ մենք գնում ենք հասարակական լսումների՝ որևէ հանքի հետ կապված, մեզ պատասխանում են, որ մեր երկրում բիզնեսը պետք է զարգանա: Կներեք, պարո´ն Հարությունյան, Դուք բիզնեսմե՞ն եք, թե՞ բնապահպանության նախարար եք: Այս հարցն եմ ես ուզում իրեն տալ»: