Բաժիններ՝

Աղքատություն ծնող և անարդարացի վարձատրությունը խրախուսող գործելակերպ է վարվում

ԱԺ ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը 2013թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, ասաց. «Վարվող սոցիալ-տնտեսական նախագիծը և 2013թ. պետական բյուջեի նախագիծը համարժեք  չէ ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներին և չի նպաստում ՀՀ ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Մասնավորապես, մարտահրավերները, որոնք  արտացոլված և լուծված չեն այս փաստաթղթերում, առաջինը՝ ոչ մրցունակ և չափազանց նվազ դիմադրողականությամբ տնտեսական կառուցվածքի առկայությունն է: Սրա պատճառը հիմնականում այն է, որ, առաջին՝ չի իրականացվում կառուցվածքային քաղաքականություն, երկրորդ՝ բացակայում է մասշտաբային մտածողությունը և դրան համարժեք քաղաքականությունը: Գործադրվում է գների մակարդակի կարգավորման անարդյունավետ համակարգ, և, ի վերջո, եթե ուշադիր հետևեք մեր գործադիր իշխանության հայտարարություններին (որոնց մի մասը տեղ է գտել նաև սոցիալ-տնտեսական ուղերձում) և ձեռնարկվելիք գործողություններին, որոնք պետք է արտացոլված լինեին պետական բյուջեի նախագծում, իրար չեն համապատասխանում սկզբունքային ուղղություններով»:

Պատգամավորի խոսքով՝ պետական բյուջեն և երկրում սոցիալ-տնտեսական քաղաքականությունը վարվում է աղքատություն ծնող և անարդարացի վարձատրությունը խրախուսող գործելակերպով: Ըստ նրա՝ այդ ֆինանսական փաստաթուղթը ոչինչ չի տալիս երկրում առկա 245.000 գործազուրկներին:

«Իսկ դա նշանակում է, որ նորից մեր քաղաքացիները պետք է հույսները դնեն Աստծո վրա՝ և ո՛չ հայրենի կառավարության և իշխանության»,- նկատեց պատգամավորը:

Նրա հաջորդ դիտարկումը վերաբերում էր երկրի ժողովրդագրական պատկերին, ըստ որի՝ երկրում անկում է ապրել ծնելիությունը, և աճում է մահացության ցուցանիշը: Իսկ այդ սոցիալ-տնտեսական պայմանները, նրա համոզմամբ՝ հանգեցնելու են արտագաղթի ալիքի բարձրացմանը: «Ոչ սահմանամերձ և հատկապես Ադրբեջանին սահմանակից տարածքներում  և ոչ առավելապես ժողովրդագրական քաղաքականության ուղղությամբ՝ այս մասերով՝ ոչ մի լուրջ ծրագիր չկա: Եվ մենք շարունակելու ենք դիտել, թե ինչպես են սահմանամերձ  բնակավայրերը դատարկվում: ԼՂՀ անկախության ճանաչման կարևորագույն հիմքեր ստեղծելը ԼՂՀ վերաբնակեցումն է»,- ասաց Ա. Մինասյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս