«Արդյոք պետք է նորից ծածկադմփոցի՞ լինի և չիմանա՞նք՝ ովքեր են այդ գողերը»
«Խոսրովի» արգելոցից որսագողություն կատարած անձիք դեռևս բացահայտված չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը:
«Ինձ համար շատ զարմանալի էր, երբ հեռուստատեսությամբ ցույց տվեցին մի մարդու, որը երևի կշռում էր մոտավորապես 45 կգ, և այդ մարդն իր զինամթերքով կարող էր արջի դեմ դուրս գալ, սպանել և´ բեզոարյան այծին, և´ արջ: Սա խեղաթյուրանք է, ուղղակի ծիծաղելի բան է: Սա մութ անկյուն է մնացել որսագողության խնդրում, և մեզ համար մինչև այժմ պարզ չէ, թե մեր ոստիկանությունը, իրավապահպան մարմիններն ինչ են անում, և ինչպես են փորձում այդ հարցը լուծել: Ոչ մի տվյալ, ոչ մի արձագանք մենք այս հարցով չունենք: Արդյոք պետք է նորից ծածկադմփոցի՞ լինի և չիմանա՞նք՝ ովքեր են այդ գողերը»:
Ներկայացնելով Խոսրովի արգելոցի շուրջ ստեղծված իրադարձության պատմությունը՝ Սիլվա Ադամյանը նշեց, որ խնդիրը բարձրացվել է դեռևս տարիներ առաջ. «Խոսրովի խնդիրը 5-6 տարի առաջ է բարձրացվել, նույնիսկ ավելի շուտ: Ահազանգեցին հասարակական կազմակերպությունները, որ «Գիլանի» մասում ինչ-որ շինություն է կառուցվում: Ճիշտն ասած, սա երևի մեր մեղքն էր, որ մենք ուշադրություն չդարձրեցինք այս ահազանգին: Հետո ահազանգեցին քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր տեսել էին այդ «Գիլանի» շինությունն ու ահազանգել Էկոլոգիական հասարակական դաշինքին: Դաշինքը դիմեց կառավարություն, կառավարության միջոցով փոխվեց սատատուսը, նորից արգելոց վերադարձվեց, շինությունը, սակայն, մնաց: Մեր մի քանի նամակներին ոչ մի պատասխան չստացանք կառավարությունից: Բնապահպանության նախարարությունը ներկայացրեց ինչ-որ փաստաթղթեր՝ «Հովազաձոր» ՍՊԸ-ի հետ կապված, իբր նրանք մտել են դատական պրոցեսի մեջ «Հովազաձոր» ՍՊԸ-ի հետ և արդեն երկու-երեք տարի է՝ փորձում են նրանց հետ լեզու գտնել, որպեսզի այդ շինությունը քանդեն: Սակայն մենք չենք տեսնում թունելի վերջում լույս այս հարցում: Չենք հավատում բնապահպանության նախարարության այն հորդորանքներին, որ դատական ատյաններում ինչ-որ խնդիրներ են լուծվում, և «Հովազաձոր» ՍՊԸ-ն պետք է գումար ստանա պետությունից»:
Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենք տեղեկատվություն չունեն այն մասին, թե ինչ է կատարվում այսօր դատական ատյաններում այս գործի հետ կապված: