«Ռոբերտ Քոչարյանը հայտնի է որպես իրերն իրենց անուններով կոչելուց չխուսափող անհատ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, թե ինքը համաձայնել է հարցազրույց տալ և հստակ արտահայտել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ իր վերաբերմունքն առաջին հերթին այն պատճառով, որ՝ «եթե ես դա չանեմ, ապա սկսելու են գուշակություններով զբաղվել: Եվ հետո այն պատճառով, որ այդ հարցի նախաձեռնման հետ ես առնչություն չունեմ»:
Նաև ընդգծել էր. «Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են համոզիչ Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումները, թե ինքը ԲՀԿ-ի հետ առնչություն չունի և որ աչքերը լավ բացելու դեպքում կտեսնեն, որ ԲՀԿ-ն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը:
«Թե որքանո՞վ է համոզիչ այն թեզը, որ Ռոբերտ Քոչարյանը նույն հեռավորության վրա է կանգնած ԲՀԿ-ի գործունեության նկատմամբ, ինչպես և մյուս կուսակցությունները, սա արդեն յուրաքանյուրը կարող է իր համար որոշել: Բայց քանի որ փորձ է արվում կասկածի տակ դնել ԲՀԿ-ի ինքնուրունությունը, կարծում եմ, Քոչարյանն իր հայտարարությամբ փորձեց ընդգծել, որ ինքը որևէ կերպ կուսակցության որոշումների հարցում չի միջամտում: Չնայած միաժամանակ նա համաձայնում է, որ մեծամասնական ընտրակարգը թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությանն ընդդիմության նկատմամբ մրցակցային առավելություն է տալիս»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանի ազդեցությանը, ապա Հմայակ Հովհաննիսյանը ասաց, թե ակնհայտ է ԲՀԿ-ի ծագումնաբանությունը. «Մեկ հարց է, որ «Բարգավաճը» ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի նախագայության օրոք, մեկ այլ հարց է, թե այսօր ի՞նչ ազդեցությամբ է ներազդում երկրորդ նախագահը ԲՀԿ գործունեության վրա: Թե որքանո՞վ Ռոբերտ Քոչարյանը ազդեցություն ունի ԲՀԿ-ի վրա կարող են ասել միայն ԲՀԿ-ն ու Քոչարյանը: Իսկ նա պարզ հայտարարեց, որ մասնակցություն՝ ԲՀԿ այսօրվա գործունեության վրա չունի: Ռոբերտ Քոչարյանը հայտնի է որպես իրերն իրենց անուններով կոչելուց չխուսափող անհատ, և եթե դերակատարություն ունենար ԲՀԿ-ի գործունեության մեջ, չեմ կարծում, որ չբարձրաձայներ այդ մասին»,- շեշտեց քաղաքագետը:
Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, անշուշտ, քաղաքականության մեջ կա ստվերային ընթացք և ԲՀԿ-Քոչարյան հարաբերություններում էլ չի կարելի նման երևույթը բացառել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի անձնական մտերմությունը բոլորին է հայտնի:
«Նրանք չեն էլ թաքցրել իրենց մտերմությունը: Բայց մի բան է անձնական մտերմությունը, այլ բան է քաղաքական ուղղորդումը կամ միջամտությունը: Մեծ հաշվով, քաղաքական ուղղորդումը կարող է լինել միայն հրապարակային, որովհետև, երբ խոսքն իսկապես քաղաքականության մասին է, հարաբերությունները հրապարակային են: Իսկ այն, ինչ ստվերային է, խարդավանքների դաշտում է»,- հավելեց Հ. Հովհաննիյանը: