«Բնականաբար, եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, պետք է փոխվի նաև նրա գործելաոճը». Տիգրան Սարգսյան
Այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե Աժ-ում նախորդ ճեպազրույցի ժամանակ չէիք բացառել ընտրություններից առաջ ԲՀԿ-ՀՀԿ նոր հուշագրի ստորագրումը, սակայն հիմա ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաների փուլում է քաղաքական բոլոր ուժերի հետ, ի՞նչ են հուշում այդ փակ խորհդակցությունները, ասաց. «Ես ասացի, որ այս քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, և մեր կուսակցության դիրքորոշումն էլ միշտ եղել է բաց և հրապարակային: Մենք պատրաստ ենք համագործակցության քաղաքական այն ուժերի հետ, որոնք ուզում են համագործակցել մեզ հետ, երկրում իրականացնել բարեփոխումներ:
Մի քանի անգամ դա մեզ հաջողվել է, և հռչակագրերում, համաձայնագրերում արտացոլվել են այն քաղաքական սկզբունքները, որոնց շուրջ ձևավորվել են դաշինքներ: Եվ մենք մեր այդ քաղաքական դիրքորոշումից չենք հրաժարվում»:
Հարցադրմանը, թե դա ենթադրո՞ւմ է արդյոք, որ ԲՀԿ-ն պարտավորվա՞ծ է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, վարչապետը պատասխանեց. «Այդ հարցը ինձ պետք է չտաք»:
Իսկ ճշգրտող հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է մնում իր հայտնած տեսակետը, ըստ որի` չի բացառվում, որ ԲՀԿ-ՀՀԿ նոր հուշագիր ստորագրվի, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Այո’, ես դա չեմ բացառում: Գիտե՞ք` ինչո՞ւ, որովհետև ես նայում եմ մեր կուսակցությունների անցած ճանապարհը: Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք միմյանց լավ ճանաչում ենք, մենք գիտենք, թե ի՞նչ արժեքների շուրջ է տեղի ունենում այդ համախմբումը, ովքե՞ր են այդ գաղափարների կրողները, և այդպիսի կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ ավելի քիչ հավանական է, քան այն գործելակերպը, որը կար նախկինում: Իհարկե, բայց չբացառելով, որ կարող են այլ սցենարներ ևս զարգանալ»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ի վերջին պահվածքն արդյո՞ք չի խոսում այդ կտրուկ շրջադարձի մասին, վարչապետը պատասխանեց. «Բնականաբար, եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, պետք է փոխվի նաև նրա գործելաոճը, ինչը մենք ձեզ հետ միասին տեսնում ենք»: