
Տիգրան Սարգսյանը չի մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանին

Լրագրողների հարցին, թե արյդոք համամի՞տ ես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե ԱԺ մեծամասնական ընտրակարգը նպաստում է ֆեոդալիզմի տարածմանը, և դա օգնում է իշխանությունների վերաարտադրմանը, և ընդհանրապես ի՞նչ կարծիք ունեք մեծամասնական ընտրակարգի մասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Աժ-ում պատասխանեց. «Առաջինը` թույլ տվեք չմեկնաբանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը: Երկրորդ`ուզում եմ ասել, որ գոյություն ունի քաղաքական տեսական բանավեճ, թե ո՞ր ընտրահամակարգն է արդյունավետ:
Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս տարբեր արդյունքներ: Կարծում եմ` ամեն մի երկիր իր առանձնահատկություններից ելնելով` պետք է իր համար ընդունի առավել արդյունավետ կառավարման համակարգ, առավել արդյունավետ Ընտրական օրենսգիրք պետք է ունենա: Դրա ընդունման լավագույն ձևը Ազգային ժողովում քաղաքական բանավեճն է, որը տեղի է ունեցել, և մենք նոր ենք մեր Ընտրական օրենսգիրքը փոփոխել:
Եվ կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ Ազգային ժողովում, լսել տարբեր տեսակետներ: Բայց կարծում եմ` այսօր՝ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, անդրադառնալ այդ խնդրին` այնքան էլ ճիշտ չէ հիմա: Եվ մեր օրակարգում այդ հարցը առաջնահերթ հարց չէ»: