Վաղը մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնը
Համաեվրոպական հեռախոսամարաթոնը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը:
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` հայ և այլազգի ավելի քան 700 կամավորներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Բելգիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիս և Թուլուզ, կզանգահարեն հայազգի ընտանիքների եւ կազմակերպությունների` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերաշինությանն ուղղված դրամահավաքին:
Ֆրանսիայից դուրս նախաձեռնությանը կմիանան նաեւ Հոլանդիան, Հունաստանը, Շվեդիան, իսկ Եվրոպայից դուրս` Բրազիլիան և Արգենտինան:
«Ազատություն» ռադիոկայան
Հեռախոսամարաթոնի նվիրատվությունները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը, Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրերին և սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Որպես միջոցառման կնքահայրեր, ովքեր հայրենաշինությանը մասնակցելու կոչով կդիմեն հանրությանը, հանդես կգան Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը և «Ֆրանս» հեռուստաընկերության սպորտային ծրագրերի տնօրեն Դանիել Բիլալյանը:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` այս տարի ևս կարվի հնարավորը, որպեսզի դրամահավաքին նվիրաբերված գումարներով լուծվեն հայրենիքում դեռ առկա բազմաթիվ հիմնահարցերից ևս մի քանիսը:
«Ցավոք, այդ հարցերին գումարվեցին մեր սիրիահայ եղբայրների խնդիրները, որոնց լուծումը միասնական ջանքեր է պահանջում»,- հավելել է Թերզյանը:
Եվրոպայում` Ֆրանսիայի գլխավորությամբ, հեռախոսամարաթոններ անցկացվում են սկսած 2000 թվականից: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է շուրջ 411.285 զանգ, և 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել է 9 միլիոն 938 հազար եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի և Ղարաբաղի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում: