«Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի». Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր Գյումրի այցելության ժամանակ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում հանդիպել է ԲՀԿ ակտիվի և գյումրեցիների հետ: Ըստ ԳԱԼԱ-ի՝ Գ» Ծառուկյանը բավականին ծավալուն ելույթ է ունեցել.
«Հարգելի, սիրելի գյումրեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ, մենք առաջին անգամ երբ հանդիպեցինք քաղաքապետի քարոզարշավի ժամանակ, ես ձեզ բոլորիդ ասեցի, որ ես ոչ թե եկել եմ որևիցե բանի տեր դառնալու, ունեցվածք դիզելու կամ ինչ-որ ծրագրի համար, այլ եկել եմ ես այստեղ օգնելու, ասելու, ամրապնդելու այն վստահությունը, որ կա ձեր կողմից իմ հանդեպ, դա պարտավորեցնող է, որ մարդ կարողանա պահել և պահպանել:
Կյանքում ամենաթանկ բանը՝ կայացած ունևոր մարդու համար վստահության հավատն է ժողովրդի: Եվ եթե մինչև այսօր էդ հավատը ես չեմ կորցրել, առավել ևս հիմա ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի:
Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»,- ասել է Գ. Ծառուկյանը:
«Եկել եմ այսօր ձեզ ասելու, որ, այո´, մեր խոսքը գործ է, և ինչ-որ ասել ենք, չի եղել մի բան, որ մի բան ասեմ և դա իրականություն չդարձնեմ: Հիշո՞ւմ եք, որ ձեզ ասեցի` մեր առաջին օգնությունը կլինի քաղաքապետարանին մեքենաներով օգնելը, այո´, պարոն Բալասանյան, ձեր աշխատանքի հետ, իմ առաջին խոստումը կատարել եմ: Իմ ուզածը մեկն է, որ այն քաղաքը, որը մեր հիշողությունների մեջ եզակի քաղաք է` իր հզորությամբ, ժողովրդի հումորով, ուշադրության կենտրոնում լինի, որ մարդիկ կարողանան ապրեն բարեկեցիկ կյանքով»,- ասել է նա:
Այնուհետև Գ. Ծառուկյանը խոսել է երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներից ու արտագաղթից: «Խի՞ են գնում` աշխատանք չունեն, կամ աշխատանք ունեն` գումարը քիչ է: Ուրեմն՝ պետք է էնպես լինի, որ ինչքան գնաճը բարձրանում ա, աշխատավարձն ու թոշակն էլ բարձրանան: Ոչ ոք չի ուզում տուն մտնելուց գլուխը կախի իր ծնողի առաջ, իր կնոջ առաջ, ուզում է արժանապատիվ աշխատել և իր տունը պահել: Ասում են` 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70-ը հարո՞ւստ են: 40 տոկոսն էլ ստանում է 40 հազար դրամ, 40 հազարը համարում են բավարա՞ր ապրելու համար, այդ բավարար համարողը թող ինքն իր ընտանիքով էդ 40 հազար դրամով ապրի, որ նոր հասկանա` ինչ է դա նշանակում:
Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերևից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա»:
Ծառուկյանի խոսքերով` իր ուզածը միայն այն է, որ ժողովրդի մասին մտածող լինի, որ իշխանություններն իրենց պատկերացնեն ժողովրդի փոխարեն և ապահովեն աշխատատեղերով: «Ժողովուրդը ոչ նպաստ ա ուզում, ոչ էլ օգնություն, այլ ժողովուրդն ուզում է պայման, աշխատանք, հնարավորություն…
Մեր ուզածն էլ սա է, մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ ոլորտ ենք ուզում, ոչ էլ ինչ-որ ուրիշ գումար վաստակել ենք ուզում: Աստծո կամոք, մենք ոչ պետական պաշտոնում ենք եղել, ոչ էլ ուզում ենք լինել, ոչ էլ ինչ-որ ոլորտ լինի, կամ մենաշնորհ լինի, մենք ուզում ենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի և ժողովուրդը երկրից չթողնի-գնա, որովհետև այսօր գնալով ժողովրդի վիճակն է´լ վատանալու է:
Ավել-պակաս խոսում են, մարդիկ 100 դոլար փող չեն ունեցել, մտել են քաղաքականության մեջ, այսօր 4-5 հատ տներ ունեն, բիզնես ոլորտ, ազգ ու տակին տեղավորելով, մեծ-մեծ խոսում են ժողովրդից, պետությունից, պետականությունից: Էսօր բոլորս էլ հասկանում ենք»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն «մտել է ծանրության տակ», և նպատակը մեկն է, որ ժողովրդի վստահությունն ու հավատը չկորցնեն: Հենց այդ գիտակցությամբ էլ ԲՀԿ-ն առաջարկել է Ս. Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:
«Բալասանյանի թեկնածությունը Գյումրիում ներկայացնելով, իհարկե, մենք հասկանում էինք, որ պատասխանատու քայլ է: Իմանալով, որ Բալասանյանը ունևոր, կայացած մարդ է ու ցանկություն ունի աշխատելու, իր էղածից էլ ներդնելու է` ժողովրդի համար ու պատմության մեջ անցնելու»,- ասել է նա:
Ծառուկյանը խոստացել է, որ ԲՀԿ-ն և անձամբ ինքը Ս. Բալասանյանի կողքին են լինելու և աջակցելու, օգնելու են նրան, որպեսզի ժողովուրդն իրեն խաբված չզգա:
«Ամեն մարդ իրեն պտի դնի դիմացինի տեղը: Եթե քեզ խաբում են, խաբված մարդը ո՞նց կարա հավատա: Պարոն Բալասանյան ջան, հանկարծ քաղաքական չսարքես քաղաքապետարանը, որ ասենք՝ «Բարգավաճ» չէ, անպայման մտնի, մենք այդպիսի սկզբունք չունենք: Մարդը, թեկուզ ընդդիմություն, աշխատում ա տվյալ ոլորտում, կամ անկուսակցական ա, եթե աշխատանքը բարեխիղճ կատարում ա, ոչ ոք բարոյական իրավունք չունի նրան պարտադրելու, որ հուսախաբ լինի մարդը: Քո աշխատանքով ու սկզբունքով էնպես աշխատես, որ մարդը հավատա և ցանկանա քո կողքին լինել: Մենք ասում ենք, որ քաղաքապետի կողքին ենք, ամեն ինչով աջակցելու, օգնելու ենք, օրենք, ծրագրեր ներկայացնելու և մեր հաշվին իրական ենք դարձնելու»,- ասել է Գ. Ծառուկյանը:
Ծավալուն իր ելույթի վերջում Գ. Ծառուկյանը Ս. Բալասանյանին մաղթել է առողջություն, հաջողություն և նպատակների իրականացում: «Վստահելով 65 տոկոս քվե տվեցիք, շնորհակալ եմ, նույնը` նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ… կանենք ամեն ինչ ձեր վստահությունը պահելու համար: Որ դուք ձեր հարաբերությունների մեջ խաբված չզգաք, բարձր տրամադրություն, և ամեն ինչ կամաց-կամաց լավ է լինելու, մենք միասնական բոլոր խնդիրները լուծելու ենք և ձեր կողքին ենք»,- վստահեցրել է Գ. Ծառուկյանը դահլիճում հավաքված գյումրեցիներին: