Հղիության ընթացքում գրիպի ու երկարատև ջերմության հետևանքները
Եթե կինը հղիության ընթացքում հիվանդանում է գրիպով կամ երկարատև ջերմություն է ունենում, ապա նրա երեխայի մոտ մեծանում է աուտիզմով հիվանդանալու հավանականությունը: Ինչպես գրում է health.com-ը, այսպիսի կարծիք են հայտնել դանիացի գիտնականները՝ հիմնվելով իրենց անցկացրած հետազոտությունների արդյունքների վրա:
Վերջիններս, սակայն, նշում են, որ հղիության ընթացքում գրիպով հիվանդացած կամ երկար ժամանակ ջերմություն ունեցած մայրերը չպետք է խուճապի մատնվեն. երեխայի՝ աուտիզմով հիվանդանալու հավանականությունը շատ մեծ չէ:
Հետազոտության հեղինակներն արդյունքները ստանալու համար 1997-2003 թվականներին ծնված երեխաների մայրերի շրջանում հարցում են անցկացրել: Հարցերը վերաբերել են հղիության ընթացքում գրիպով հիվանդանալուն կամ երկարատև ջերմություն ունենալուն: Ընդհանուր առմամբ հարցվել է 100.000 կին:
Այն երեխաների մոտ, ում մայրերը հղիության ընթացքում ունեցել են նշված հիվանդությունները, աուտիզմով հիվանդանալու հավանականությունը երկու անգամ մեծ է եղել:Նշենք, որ աուտիզմը հոգեկան խանգարում է, որի հիմնական դրսևորումներից են հաղորդակցության պահանջի անկումը կամ բացակայությունը: