ԲՀԿ-ն գրոհում է, ՀՀԿ-ն ոտքը կախ է գցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ուժգնացնել կառավարության քննադատությունը՝ նրան մեղադրելով ոչ գրագետ տնտեսական քաղաքականություն իրականացնելու և դրա արդյունքում արտագաղթողների թվի մեծացման մեջ, որը դարձել է երկրի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը:

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-ում իր հայտարարությունը սկսեց հետևյալ տողերով. «Երկրի սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր վիճակն ու մշուշոտ հեռանկարը պայմանավորված են նաև երկրում տիրող արդարության բացակայության և դրանից բխող բարոյահոգեբանական գործոններով:  Տնտեսության այն անմխիթար վիճակը, աշխատատեղերի բացակայությունը, արտագաղթի ավելացող տեմպերը վկայում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հույս չի կապում մեր պետության տնտեսական վարչակարգի հետ: Երկրում վարվող ոչ արհեստավարժ տնտեսական քաղաքականությունը, փոքր և միջին չափի չինովնիկների կամայականությունները, հարկային և մաքսային սխալ քաղաքականությունն ու կառավարության կողմից տարվող համակարգային աշխատանքները կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայությունը հանգեցրին նրան, որ ոչ միայն գործազուրկ քաղաքացին է արտագաղթում, այլ նաև գործարարները»:

Ըստ Էնֆիաջյանի, հայ գործարարները վաճառում են իրենց ունեցած բիզնեսը և տեղափոխում հիմնականում հարևան Վրաստան կամ Ռուսաստանի Դաշնություն և այլ գրագետ տնտեսական քաղաքականություն վարող երկրներ:

Էնֆիաջյանի այս հայտարարությունն ուղղակի մեղադրանք է առ այն, որ կառավարությունը վարում է անգրագետ տնտեսական քաղաքականություն: Չնայած ԲՀԿ-ականները դեռ չեն պաշտոնականացրել իրենց դիրքորոշումը կառավարության ներկայացրած 2013թ. բյուջեի նախագծի նկատմամբ, բայց նման հայտարարությունների ֆոնին՝ պարզ է, որ այն չի կարող դրական լինել:

Կարդացեք նաև

Երեկ կառավարության գործունեության ավելի պատկերավոր քննադատությամբ հանդես եկավ նաև մեկ այլ ԲՀԿ-ական`Ռուբեն Գևորգյանը: «Տարվող ոչ ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականության շնորհիվ երկիրը լքվում է սեփական ժողովրդից: Եթե այդպես շարունակվի, կորցրած կլինենք հայրենիքը: Վարիչ մեքենան սլանում է այնպիսի ուղղությամբ, ուր բացակայում է ժողովրդի գործոնը: Իսկ վարիչ մեքենան դա մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը դեպի հուսալի ապագա տանող պետական մեքենան է, ուր, ցավոք, առանց սեփական ժողովրդի գործոնի՝ նման պետական կառավարման մեքենայում ավտոմատ կերպով միացվում է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը»,- հայտարարեց նա:

Բայց ամենաարմատականը ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի ելույթն էր: Եթե մինչ այդ, նախորդ ելույթ ունեցողները և ընդհանրապես ԲՀԿ-ականները քննադատում էին բացառապես կառավարությանը՝ խնայելով նախագահ Սարգսյանին, ապա Լյովա Խաչատրյանը համեմատության եզրեր անցկացրեց Ռոբերտ Քոչարյանի և գործող իշխանության միջև:

«Երկրորդ նախագահի ֆոնի վրա մենք ոչ օլիգարխ տեսանք, ոչ հանցագործ: Այսօր մենք նրանց տեսնում ենք ամենուր. և՛ իշխանավորների ֆոնի վրա, և՛ նրանց կորդեբալետի ֆոնին, և՛ ընտրական հանձնաժողովների կազմում, և՛ նախընտրական շտաբների ղեկավարների դերում»,- հայտարարեց պատգամավոր Խաչատրյանը:

Այս հայտարարությունը հատկապես հետաքրքիր է դիտվում հայտարարությունից ժամեր առաջ հրապարակված՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ֆոնին: Հավանաբար Խաչատրյանն այդ հարցազրույցն ընկալել է՝ որպես Քոչարյանի կողմից վերադարձի հայտարարություն, և ցանկանում է այսկերպ իր համերաշխությունը հայտնել նրան: Իսկ Լյովա Խաչատրյանի հայտարարության վերջին տողերը` «Կապրենք՝ կտեսնենք», հնչում են՝ որպես սպառնալիք-կանխազգուշացում:

Ի՞նչ պատասխանեցին այս ամենին ՀՀԿ-ականները: Ոչինչ: Նրանք ընդամենը գովերգում էին կառավարության գործունեությունը, հավանաբար, այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո ձևավորված նոր քաղաքական իրավիճակի պայմաններում չկային գործելու համապատասխան ցուցումներ: Միայն Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, ասաց, թե մեր տարածաշրջանում ֆեոդալիզմը վաղուց վերացել է: Փոստանջյանը հայտարարել էր, որ ֆեոդալիզմ կար ինչպես՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ՝ գործող իշխանության օրոք:

 

 

Տեսանյութեր

Լրահոս