Վարդան Պետրոսյանը` Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին
Ինչպես հայտնի է, այսօր գրող, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդյան տարեդարձն է, և քանի որ նրա վերադարձի կողմնակիցները գտնում են, որ Հայաստանի մշակույթին պակասում է Վանոյի պես մտավորականը, 168.am-ն այդ մասին հարց ուղղեց հայտնի դերասան, մշակույթի գործիչ Վարդան Պետրոսյանին, թե ընդհանրապես ի՞նչ կարծիք ունի Վանո Սիրադեղյանի մասին, և ի՞նչ կտա նրա վերադարձը Հայաստանին:
«Ես իսկապես չեմ ուզում քննարկել Վանո Սիրադեղյանի բարոյական կերպարը»,- պատասխանեց նա:
«Որպես բեմական նյութ` նա ինձ համար հնացել է: Վ.Սիրադեղյանը մեր քաղաքականության մեջ ունի մեծ ներդրում, բնականաբար, հակասական է այդ ամենը, ես դա գիտեմ, դա էլ չեմ ուզում մեկնաբանել: Ամեն դեպքում նա շատ լուրջ գործեր արել է, առայժմ խոսենք լավի մասին:
Ի՞նչ կբերի նրա վերադարձը. նայած` ինչ որակով վերադառնա: Եթե նա պետք է վրադառնա որպես քաղաքական թոշակառու՝ ոչինչ չի բերի, կարող է այստեղ-այնտեղ շախմատ խաղալ: Բայց ես չգիտեմ՝ ի՞նչ որակով պետք է նա գա, ինչքանո՞վ է ժանգոտած, պիտի գա որպես ի՞նչ: Հետո, եթե ես չեմ սխալվում, Վ.Սիրադեղյանի հետ կապված քրեական գործ կա: Ես ինքս տեղյակ չեմ այդ գործի խորքերին: Միանգամից ասել` պահանջում եմ նրա վերադարձը…
Եվ հետո արդյո՞ք Վ.Սիրադեղյանն իմ պահանջով պետք է վերադառնա, արդյոք նա ուզո՞ւմ է վերադառնալ, թե՞ ոչ: Ենթադրում եմ` ուզում է, ինքն այն մարդն է, որ հայրենիքից հեռու դժվար թե ապրի: Որպես արվեստագետ, իհարկե, լավ կլինի, որ նա Հայաստանում լինի, որովհետև պրոֆեսիոնալ արվեստը կերտվում է հայրենիքում, այն էլ Վանոյի դեպքում, որովհետև նա շատ հայեցի գրող է:
Ես այդպես չեմ պահանջում, կարծում եմ, որ լավ կլինի. եթե ուզում է՝ թող վերադառնա և իր քաղաքական ընկերների հետ, ում հետ ժամանակին կազմում էր Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական էլիտան (իր խոսքերն եմ ասում, իմը չէ), ինքն իր հարցերը լուծի, և այստեղ ժողովրդին մեջտեղ չբերեն` պահանջենք նրա գալը-գնալը: Ըստ իս` իրենք իրենց մեջ շատ լավ կարող են այդ հարցերը լուծել, միգուցե արդեն լուծել են, ես չգիտեմ»,- ասաց նա:
Հայտնի դերասանը խոսեց նաև Վանո Սիրադեղյան գրողի մասին` նշելով, որ նա շատ լավ գրող էր և սիրված էր որպես երիտասարդ գրող շատ վաղուց` մինչև ղաբաղյան շարժումը:
Այսօր ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի վերադարձի ստեղծված «Ելք» շարժման ակտիվիստները հայտարարեցին, թե Վանոն Հայաստանը կվերադարձնի քրիստոնեական արժեքներին:
Մեր հարցին, թե կիսո՞ւմ եք այս տեսակետը, Վ.Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Վանո Սիրադեղյանը լավ գրող էր, թե ինչքանո՞վ նրա գրականությունը մեր ժողովրդին կվերադարձնի քրիստոնեական արժեքների, որքանո՞վ ենք մենք դրանցից հեռացել և որքանո՞վ կմոտենանք՝ այս ամենը ես միայն Վ.Սիրադեղյանի անվան հետ չեմ կապի: Մի քիչ չափազանցնում են: Հետո ժողովուրդն ունի այսպիսի առասպելաբանական մտածողություն. «Հեսա հերոսը կգա, ամեն ինչ կընկնի տեղը», Վանո Սիրադեղյանը պիտի գա և մեզ տանի դեպի քրիստոնեական արժեքներ: Սա կարելի է դիտարկել առասպելաբանական, Գյուլնազ տատի հեքիաթների շարքում»:
Վ.Սիրադեղյանի կողմնակիցները նշում են, որ ժամանակին նա շատ լավ էր վերաբերվում արվեստագետներին: 1990-ական թվականների մշակույթի վիճա՞կն էր ավելի լավ, թե՞ ներկայիս վիճակը: Այս հարցադրմանն ի պատասխան, Վ.Պետրոսյանն ասաց, թե համեմատությունը մի փոքր ճիշտ չէ, որովհետև այն ժամանակ իսկապես շատ դժվար տարիներ էին, և Վանո Սիրադեղյանը, լինելով արվեստի մարդ և ունենալով ֆինանսական մեծ հնարավորություններ, մեկենասություններ էր անում, օգնում էր մարդկանց:
«Այդպես եմ ես լսել: Անձամբ ոչ այդ օգնությունն եմ տեսել, ոչ էլ ինձ են օգնել, բայց լսել եմ` ամեն Նոր Տարուն, գումար, ուտելիք…
Բայց այն ժամանակ մեր երկիրը շատ խեղճ ու կրակ վիճակում էր. պատերազմ, մութ, ահավոր վիճակ էր: Այժմ բոլորովին ուրիշ է, լույսի ծով, մեծ մեկենասներ, ֆինանսավորում, միլիարդատերեր: Նման չէ: Համակարգն արդեն քիչ, թե շատ հարստացել է, պետությունը բյուջե է տալիս մշակույթին, այդ փողն այնքան է, որ, ինչպես մենք ենք ասում, հերիքում է «ատկատներ» անելուն: Ժամանակները շատ տարբեր են, հիմա շատ ավելի լավ է արվեստի մարդու վիճակը»,- ասաց դերասանը: