Բաժիններ՝

Հայ գիտնականները կայծակի վերաբերյալ աննախադեպ ուսումնասիրություններ են կատարում

Հայ գիտնականները կայծակի վերաբերյալ աննախադեպ ուսումնասիրություններ են կատարում: Նրանք շուրջ 2 տարի ուսումնասիրել են կայծակի բնույթն ամպրոպների ժամանակ և հաստատել, որ մինչ երկնքում կայծակի հայտնվելը` ամպի ներքևի շերտում առաջանում է դրական լիցքավորված շերտ, որը խոչընդոտում է երկրային կայծակների առաջացմանը, և պարպումները լինում են միայն ամպի ներքին շերտերի միջև:

Ամպրոպային ամպերում տարրական մասնիկների արագացումը 3250 մետր բարձրության վրա գտնվող Արագած գիտական կայանի նոր ուսումնասիրության ոլորտն է: Արագածի փեշերին գտնվող այս կայանում հայ գիտնականները երկար տարիներ ուսումնասիրում են Արեգակից և Տիեզերքից եկող տարրական մասնիկները:

Եվ այս ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են, որ ամպրոպային ամպերում արագանում են էլեկտրոնները` մինչև 50Մէվ էներգիաները, որը համարժեք է այն էներգիաներին, որոնք ատոմային ռումբի պայթյունի ժամանակ են ստացվում: Այսինքն` ամպրոպային ամպն իրենից ներկայացնում է հսկայական արագացուցիչ:

Շատ բարձր էներգիայի այս ֆենոմենը մեզ շատ մոտ է, և դա ունի և ֆունդամենտալ ֆիզիկայի համար մեծ նշանակություն, և կիրառություններ, որովհետև այդ հսկա էներգիան հենց մեր գլխի վերևում է:

Կարդացեք նաև

Գիտնականների արդեն վերջնական արդյունքի հասնելու դեպքում` հնարավոր կլինի իմանալ սպասվող կայծակնային ակտիվության մասին, և մինչ կայծակնային ամպի մոտենալը կապ հաստատել, օրինակ` բջջային օպերատորների հետ` պարզելու համար` արդյոք այդ տարածքում մարդ կա՞, թե՞ ոչ:

Այսպիսով, այս նորարարությունը հնարավորություն կտա խուսափել կայծակից առաջացած մարդկային ողբերգական դեպքերից: Այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի ուսանող-աշխատակից (ստաժոր) Հռիփսիմե Մկրտչյանը:

«Երկրի մակերևույթի վերին շերտում էլեկտրական դաշտի փոփոխությունն` ուղեկցվող կայծակնային ակտիվությամբ և միաժամանակյա տարրական մասնիկների հոսքով, առաջին անգամ դիտվել է Արագածում, այն ուսումնասիրվել է 2010թ.-ի հոկտեմբերից»,- ասաց Հռիփսիմե Մկրտչյանը: Ըստ նրա` կայծակի առաջացման ուսումնասիրությունը ընդհանուր առմամբ չուսումնասիրված ոլորտ է և մեծ հետաքրքրություն ունի ոչ միայն հայաստանյան գիտնականների շրջանում, այլև ամբողջ աշխարհում: «Վերջերս հոդված ենք տպագրել ֆիզիկայի ոլորտում հայտնի «Physical Review» ամսագրում, որը մեծ հնարավորություն կտա ներկայացնել մեր աշխատանքն օտարերկրյա խոշոր գիտնականներին, ովքեր բազմիցս հետաքրքրություն են ցուցաբերել մեր աշխատանքների նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Այժմ գիտնականներն աշխատանքներ են տանում լրացուցիչ սարքավորումների ձեռքբերման համար, որոնք հնարավորություն կտան դիտարկել ամպի շարժումը, ավելի ճշգրիտ որոշել էլեկտրական դաշտի փոփոխությունն ամպրոպի ժամանակ, կատարել լրացուցիչ հետազոտություններ` կապված կայծակնային ակտիվության հետ, և այլն:
Այսօր ողջ աշխարհում կլիմայի փոփոխությունը համընդհանուր մտահոգություն է առաջացնում: Գեոֆիզիկական երևույթների ամբողջական և բացատրված մոդելները շատ կարևոր են մարդկության համար կլիմայի փոփոխության հետագա աղետները կանխելու համար: Հայ գիտնականների կողմից արված վերոնշյալ հետազոտությունները թույլ կտան մոտ ապագայում կառուցել մարդկությանը դեռևս անհայտ այս երևույթի ամբողջական պատկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս