Սիբիրյան խոցի 16 դեպք մարզերում
Արագածոտնի մարզի Ուշի համայնքում արձանագրված սիբիրյան խոց հիվանդության կասկածելի դեպքի լաբորատոր կրկնակի հետազոտության արդյունքում սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ նախարարությունը նոյեմբերի 8-ին հայտնել էր Արագածոտնի մարզում սիբիրյան խոցի հաստատված դեպքի մասին: Հիվանդությունը հաստատվել էր երիտասարդ մի բնակչուհու մոտ, ով բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, սիբիրյան խոց հիվանդության առաջին ահազանգը ստացվել է 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է հիվանդության մաշկային ձևի կասկածելի 1 դեպք: Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ Վարդենիսի տարածաշրջանից Երևան բերված մսեղիքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ:
Բակային համայցերի արդյունքում Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան համայնքներում հայտնաբերված սիբիրյան խոց կասկածելի 51 հիվանդը հոսպիտալացվել է։ Կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ, հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 16 դեպք, որից 8-ում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ, իսկ մյուս 8-ի պատասխանը եղել է թույլ դրական` պայմանավորված վերքերի վաղեմությամբ և հիվանդների կողմից հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ։
Այժմ Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստանում երեք հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ: