
Սիբիրյան խոցի նոր դեպք` Արագածոտնի մարզում

Հաստատվել է սիբիրյան խոցի ևս մեկ դեպք: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, դեպքը գրանցվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձևն է, վիճակը միջին ծանրության է։ Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին առողջապահության նախարարության լաբորատոր հետազոտությունները պարզել էին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում 15 կասկածելի հիվանդներից մեկի մոտ հաստատվել էր սիբիրյան խոց հիվանդությունը, 9-ը նմուշում հայտնաբերվել էին սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Նոյեմբերի 6-ին, աշխատանքից ազատվել էր գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մամիկոն Գասպարյանին:
Վերջինիս պաշտոնանկությունը կապված է վերջին շրջանում գլուխ բարձրացրած սիբիրյան խոց վարակի հետ, որն անասուններին ոչ պատշաճ պատվաստելու հետևանք էր: