Երկրի երեք նախագահները՝ պատվիրատունե՞ր

Այսօր խմբագրության էլեկտրոնային փոստով «Վերահսկողական քաղաքացիական նախաձեռնություն» հասցեից նամակ էր ստացվել, որտեղ գրված է. «Երեկ ազգի մասին մտահոգ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սեփական PR ակցիայի շրջանակներում, զավթել էր ԱԺ ամբիոնն ու խորհուրդ էր տալիս կրճատել պետբյուջեի հաշվին արվող տարբեր անհարկի ծախսերը և այդ գումարով ավելացնել ժողովրդի նվազագույն աշխատավարձը։ Այն, որ սահմանված նվազագույն աշխատավարձն ուղղակի ծաղր է ժողովրդի հասցեին՝ դա այլ քննարկման հարց է։

Սակայն, չգիտես ինչու, «Ժառանգության» բազմաչարչար տիկինը չի մտածում սահմանափակել պետական բյուջեի հաշվին արվող սեփական անսահմանափակ «կռուիզների» ծախսերը, և ԱԺ վերջին մոնիտորինգի արդյունքում նա պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնելու իր հաճախականությամբ գերազանցել է այնպիսի ռեկորդակիրի, ինչպիսին Դավիթ Հարությունյանն է, և այսօր արդեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը։

Ավելին, պարզվում է՝ տիկին Փոստանջյանը խորհրդարանի միակ պատգամավորն է, որը պետական բյուջեի հաշվին մեկնում է ոչ միայն տարբեր կարևոր ու անկարևոր վեհաժողովների, կոնֆերանսների, սեմինարների և կլոր սեղանների, այլև Հայաստանի պետական բյուջեն վճարում է նաև Զարուհի Փոստանջյանի՝ Փարիզում ընթրելու ծախսերը։ Մասնավորապես, մեր ձեռքի տակ է կարգադրություն, ըստ որի՝ Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ողջ ծախսերը՝ ճանապարհածախս, օրապահիկ, գիշերավարձ, այդ ամենը ժողովրդի, այն է՝ մեր հարկատուների հաշվին է և վճարված է պետբյուջեից։

Իսկ «Ժառանգության» տիկինը, ի դեպ, մեկնել էր Փարիզ ոչ թե ինչ-որ ազգափրկիչ վեհաժողովի մասնակցելու, այլ ընդամենն իր քաղաքական խմբի՝ ԵԺԿ-ի ընթրիքին մասնակցելու համար, և կարգադրության մեջ հենց այդպես էլ նշված է»:

Կարդացեք նաև

168.am-ը մինչ այս նամակի հրապարակումը, Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են այն լուրերը, համաձայն որի՝ ինքը դիմել է ԱԺ՝ Ֆրանսիայում տեղի ունեցած ԵԺԿ-ի ընթրիքին մասնակցության ծախսերը հոգալու համար: «Կներե՛ք, բայց ճիշտ հասցեով չեք դիմում: Պետք է դիմեք Ազգային ժողովին, ով ինձ փոխանցել է այդ գումարը, եթե՝ կա: Ճիշտ հասցեով պետք է դիմեք: Փոխանցողին պետք է դիմեք»,- ասաց Զ. Փոստանջյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր դիտարկմանը, թե վերջինս գործուղումների թվով գտնվում է ԱԺ պատգամավորների առաջին հորիզոնականում, Զ Փոստանջյանը նշեց. «Ես այս տարի, այո՛, եղել եմ գործուղման մեջ, այսինքն՝ պարտադրված եմ եղել գնալ գործուղման, որովհետև ԵԽ ԽՎ-ի անդամ եմ, և բացի այդ՝ նաև ԻՓՓ խմբակցության անդամ եմ, որն այս պահին ԱԺ-ի կողմից ներկայացվում է Զարուհի Փոստանջյանով: Շատ եմ ցավում, բայց դեռ այն հանրապետականները, ովքեր ԻՓՓ-ի անդամ են դարձել, իրենց պարտականությունները՝ դառնալ ԵԽ ԽՎ ԻՓՓ խմբակցության անդամ՝ չեն ստանձնել»:

Իսկ  հարցին, թե ինչպե՞ս կբացատրի իր անվան շուրջ տարածվող նման լուրերը, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, մարդիկ կան, ովքեր պետք է տարածեն նման լուրեր: Այդ մարդիկ կարող են լինել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող նստավայրից, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրից, չեմ բացառում, որ կարող են լինել նաև ՀՀ առաջին նախագահի նստավայրից, որովհետև գիտեք, թե ես ինչ վերաբերմունք ունեմ նաև նրա նկատմամբ: Հենց այդ  պատվերների հեղինակներն այդ երեք անձինք են»:

Զ. Փոստանջյանի խոսքով՝ ինքն օրենքը հարգող քաղաքացի է, և տարածված լուրերի պատասխանը պետք է փնտրել ԱԺ-ում:

Հ.Գ. Ի դեպ, մենք փորձեցինք նաև պարզել, թե ովքեր են ներկայացնում «Վերահսկողական քաղաքացիական նախաձեռնությունը», սակայն՝ ապարդյուն:

Ուշագրավ է, սակայն, այն, որ այս նախաձեռնությունը, փաստորեն, կարողանում է ձեռք բերել ԱԺ փաստաթղթեր և տարածել դրանք:

Տեսանյութեր

Լրահոս