«Որևէ նոր հիմնավորումներ չկան, որ մենք քննարկման նյութ դարձնենք». Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ին

«Մենք այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ստացել ենք պաշտոնական հրավեր` քննարկելու այն առաջ քաշված խնդիրները, որոնք դրվել են շրջանառության մեջ: «Օրինաց Երկիր» կուսակցությունը կգտնի հարմար ժամանակ և կհրավիրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին` քննարկելու այն խնդիրները, որոնք իրենք առաջ են քաշել և մեր տեսակետերը հրապարակային կներկայացնենք բոլորին»,- galatv.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով տարբեր ուժերի հանդիպումներին և քննարկումներին` ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Նրանք մեր գործընկերներն են, և ընդհանրապես մենք հարգում ենք այն ուժերին, ովքեր օգտվում են քաղաքական մշակույթից և կատարում են առաջարկություններ, քննարկումներ, բանակցություններ. սրանք առողջ քաղաքական մթնոլորտի մոտեցումներ են: Եթե քաղաքական ուժերը ունեն առաջարկություններ, և որի լուծումները նրանք տեսնում են միասնականության մեջ, ինչպես նաև բացի այդ եղել է պաշտոնական առաջարկ, մենք քննարկում կկազմակերպենք նրանց հետ», – ասել է Բիշարյանը:

Անդրադառնալով քաղաքական ուժերի առաջ քաշած գաղափարներին` ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշել է.  «Անկեղծ ասած` այնտեղ կան հարցեր,  որոնք երկարաժամկետ են, բայց ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ այն հարցերը, այն խնդիրները, որոնք առաջ են քաշվել, ես չեմ դիտարկում որպես նախընտրական խնդիրներ: Մենք արդեն մտել ենք նախընտրական փուլ, մենք ընտրելու ենք երկրի նախագահ, առաջադրման շրջանն է արդեն, իսկ այս հարցերը չեն կարող կապվել այդ առաջադրման հետ»:

Պաշտոնանական հրավեր ստացել է նաև ՀՀԿ-ն: Այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն է այսօր մոտեցել և ասել, որ ցանկանում են քննարկել»:

ՀՀԿ-ի պատասխանը, ըստ Գալուստ Սահակյանի՝ հետևյալն է եղել. «Որևէ նոր հիմնավորումներ չկան, որ մենք քննարկման նյութ դարձնենք»:

Հիշեցնենք` 100 տոկոս համամասնական ընտրակարգին և խորհրդարանական կառավարմանն անցնելու հարցերը արդեն քննարկվել են ԲՀԿ-ՀՅԴ, ԲՀԿ-ՀԱԿ և ԲՀԿ- «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

Տեսանյութեր

Լրահոս