«ՀԱԿ-ը մի տարբերակ ունի` սատարել իր թեկնածուին»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ ՀԺԿ գրասենյակում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, կարծիք է հայտնել, թե՝ «դա չի կարելի բացառել»:

ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Այստեղ ինձ համար միանշանակ է որոշումը. ես չեմ պատկերացնում, որ ՀԱԿ-ը սատարի այլ թեկնածուի: Գտնում եմ, որ ՀԱԿ-ը մի տարբերակ ունի` սատարել իր թեկնածուին: Թե իրականում ի՞նչ կլինի՝ չեմ կարող ասել»:

Իսկ ԲՀԿ-ի` քաղաքական քննարկումներ սկսելու առաջարկին ի պատասխան ՀԱԿ-ի` այդ քննարկումներն ընդլայնելու հայտարարության մասին Ս.Գիմիշյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում դրանց: «Կարծում եմ` բոլոր կուսակցությունների հետ արժի քննարկումներ վարել, չնայած ինքս կտրականապես դեմ եմ պառլամենտական հանրապետությանը»:

Իսկ հարցին` ՀԱԿ-ում բոլո՞րն են կողմ քվեարկել ԲՀԿ-ի հետ համագործակցելու որոշմանը, նա պատասխանեց.

«Այդպիսի բան չի եղել, այնտեղ տարբեր մոտեցումներ կան: Հայ ազգային կոնգրեսում երբեք կոնսեսուս չի եղել՝ կոնկրետ ԲՀԿ-ի հետ համագործակցելու և միասնական թեկնածու ունենալու վերաբերյալ: Քանի որ այս ուղին ընտրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ինքն էլ է հայտարարել, որ կոնսեսուս չկա այդ հարցի վերաբերյալ, նա որդեգրել է այս մոտեցումը` միայն քաղաքագիտական նպատակներից ելնելով:

Մեր կուսակցությունը, և ոչ միայն մենք, համաձայն չլինելով այդ որոշմանը, մոտավորապես հետևյալ մոտեցումն ունենք. չխանգարել` բացարձակապես հույս և հավատ չկապելով այդ համագործակցության հետ: Այս հարցում բոլոր կուսակցությունները միահամուռ համաձայն են, որ ինքն առաջնորդն է, ինքն է ընտրել այդ ճանապարհը, մենք այսօր չխանգարողի դերում ենք: Կլինեն արդյունքներ, կգա դիրքորոշում արտահայտելու պահը, այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս