Տարոն Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց են նախաձեռնել

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք նախաձեռնել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց:

«Այսօր ՀԱԿ խմբակցությունը «Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթացի մասին» նախաձեռնություն է ներկայացրել Ավագանու 28 նոյեմբերի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով:

Նախաձեռնությամբ ներկայացված որոշման նախագծում, մասնավորապես, նշվում է՝

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3/2-րդ մասի պահանջները,

Երևան քաղաքի Ավագանին որոշում է.

դիմել ՀՀ Կառավարությանը Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի կողմից իր լիազորությունների ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ:

Որպես, որոշման նախագծի հիմք ներկայացվել է համապատասխան տեղեկանք-հիմնավորում:

Տեղեկանք-հիմնավորում

Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթացի մասին.

 Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանը, կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրության պահանջներն, արդեն, 7-րդ ամիսն է, որ թույլ չի տալիս գործել Երևանի Ավագանու ՀԱԿ խմբակցությանը և Ավագանու անդամ Ռ.Թորոսյանին: Մասնավորապես,

1. Չի ընդունում ՀԱԿ խմբակցության կանոնադրությունը,

2. Թույլ չի տալիս, որ ՀԱԿ խմբակցության անդամներն, ըստ իրենց որոշման (Կանոնակարգի համաձայն) ընդգրկվեն հանձնաժողովների կազմերում,

3. Ավագանու նիստերի օրակարգերում չի ընդգրկում ՀԱԿ խմբակցության և Ռ.Թորոսյանի ոչ մի նախաձեռնություն (նրանք արդեն 6-ն են),

4. Չի արձագանքում և, որպես հետևանք, Երևանի պաշտոնական կայքում չի տեղադրում նրանց գրավոր հարցերի պատասխանները,

5. Արդեն 4-րդ տարին է, որ միջոցներ չի ձեռնարկում, Ավագանու բոլոր նիստերին չմասնակցած պատգամավորների լիազորությունների դադարեցման ուղղությամբ՝ որպես հետևանք, ապօրինի դարձնելով Ավագանու գործունեությունը,

6. Չի ձևավորում ՀԱԿ խմբակցության աշխատակազմը (միայն, Ավագանու գործունեության 4-րդ տարում, Ավագանու հաստատմանը ներկայացրեց այդ աշխատակազմի բյուջեն),

7. Երևանի պաշտոնական կայքում, միայն Ավագանու գործունեության 4-րդ տարում հիշատակելով ՀԱԿ խմբակցության գոյության մասին, առ այսօր, թույլ չի տալիս, որ նրա անդամների կենսագրությունների մասին համապատասխան տեղեկատվություն հրապարակվի և այլն:

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանն իր լիազորությունների ոչ պատշաճ իրականացման հետևանքով, ակնհայտորեն խախտում է ՀՀ սահմանադրական կարգն, այդ թվում, Երևանի Ավագանու անդամի սահմանադրական իրավունքները»:

Նախաձեռնության հեղինակ՝ «ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցություն

 

 

Տեսանյութեր

Լրահոս