Բաժիններ՝

«ԱՄՆ-ում հայկական ապրանքից խենթանում են, իսկ այստեղ ասում են` «Ըխք, հայկական է»». Նինա Հովնանյան

Աբովյան փողոցի վրա գտնվող «Հայաստանի գանձեր» անունը կրող խանութում կարելի է գտնել «made in Armenia» պիտակով տարաբնույթ ապրանքներ` հայկական նախշերով գորգեր, բարձի երեսներ, արծաթե, կաշվե զարդեր, երեխաների և մեծահասակների համար նախատեսված նորաձև հագուստ, պայուսակներ, սպասքեղեն, տնային պարագաներ, ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, հայկական տիկնիկներ, կավե ամաններ, բրոնզե քանդակներ և այլն: Խանութ-սրահն արդեն յոթ տարի գործում է Երևանում: Խանութ-սրահի տնօրինուհին հագուստի դիզայներ Նինա Հովնանյանն է: Նրա հետ մենք զրուցեցինք խանութ-սրահի, դիզայներ մասնագիտության դժվարությունների, հայկական արտադրանքի զարգացման խնդիրների մասին:

– Խանութով շրջելիս` նկատեցի, որ մեծ տեղ եք հատկացրել հայկական մոտիվներով աշխատանքներին:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Այո, մենք մեր աշխատանքներով փորձում ենք հայկական մոտիվները միջազգային գաղափարներին համապատասխան դարձնել, այսինքն` չփոխելով հայկական տարրերը, դրանք ներկայացնել միջազգային ոճով:

– Ովքե՞ր են «Հայաստանի գանձեր» խանութի հաճախորդները: Ավելի շատ հայե՞րն են, թե՞ արտասահմանցիները:

– Հայաստանցիները մեր հաճախորդների 5-7 տոկոսն են կազմում: Հիմնականում արտասահմանցիներն են մեր խանութից օգտվում: Դրսից շատ հաճախորդներ ունենք, ովքեր հաճախ են գալիս մեր խանութ և հետևում են մեր նորություններին: Իսկ Հայաստանից մեր խանութ են գալիս հիմնականում այն ժամանակ, երբ, օրինակ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ինչ-որ մեկին պետք է ազգային նախշերով հատուկ նվեր հանձնի, այսինքն` արտասահմանցիներին «հայկական» արտադրության որևէ գեղեցիկ նվեր փնտրելու ժամանակ:

– Ձեր կարծիքով` ի՞նչն է պատճառը, որ հայաստանցի հաճախորդները քիչ են:

– Հայաստանցիները մտածում են, որ ավելի լավ է չինական ապրանք գնեն, քան հայկական: Սա շատ վատ է ազդում մեր տնտեսության վրա: Ժողովուրդը և պետությունը նախ՝ պետք է հարգեն մեր ապրանքը, հետո նոր` դրսինը: Եթե հայերը չգնեն հայկական ապրանք, ապա հայ դիզայնի ոլորտը ոտքի չի կանգնի:

– Այս յոթ տարիների ընթացքում խոչընդոտների հանդիպե՞լ եք:

– Անշուշտ: Հայաստանում դիզայներ լինելը շատ դժվար է: Մենք նյութ չունենք: Բոլոր նյութերը դրսից ենք բերում: Այդ դեպքում էլ` մաքսային անցակետի, հարկերի խնդիրներն են առաջանում: Շատ դժվար է Հայաստանում աշխատելը: Մեր նախարարությունները չեն մտածում, որ Հայաստան այցելած տուրիստը, բացի կոնյակից, ի՞նչ կարող է գնել: Հայկական ոչ մի հայտնի ապրանքանիշ չկա:

– Այս խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

– Եթե ցանկանում են մեզանում զարգացնել նորաձևությունը, ապա պետք է ամեն կերպ հեշտացնեն նյութ ձեռք բերելու խնդիրը: Վերջին քսան տարիների ընթացքում Թուրքիան հարստացել է մեր պետության հաշվին, որովհետև մենք ամեն ինչ Թուրքիայից ենք ձեռք բերում: Դրա փոխարեն՝ կարող էինք ներդրումներ անել և ունենալ մեր սեփականը:

– Հետևո՞ւմ եք հայազգի դիզայներների աշխատանքներին:

– Այո, հետևում եմ, մենք այստեղ այնքան տաղանդներ ունենք` Վահան Խաչատրյան, Արևիկ Սիմոնյան, Լիլիթ Մարգարյան, Ֆաինա Հարությունյան: Պետք է ուղղակի նյութի ձեռքբերման խնդիրները լուծել, որ մարդիկ իրենց գործը հեշտացնեն: Ուզում եմ, որ նորաձևության մեր դիզայներներն էլ այնքան ճանաչված լինեն և այնքան հաջողություններ ունենան, ինչպես դրսի դիզայներները: Մենք նպատակ ունենք մշակել տաղանդներ և պատրաստել լավ մասնագետներ, ովքեր կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին: Ցավոք, մեր լավագույն տաղանդները գնում են, և երկիրը ոչինչ չի մտածում նրանց ետ պահելու համար:

– Իսկ ի՞նչ եք կարծում` համատեղելի՞ են կինն ու բիզնեսը:

– Իհարկե, ուղղակի պետք է կնոջը համապատասխան բիզնես ունենալ: Որքան հաջող է բիզնեսը, այնքան հաջող մայր կարող է լինել կինը: Կինը մայր է, և քանի որ մայրերն ամեն ինչ հասցնում են, ուրեմն բիզնեսում էլ ամեն ինչ կհասցնեն:

– Ինչպես գիտենք, Դուք հրատարակել եք նաև «Դիլիջանի լեգենդ» գիրքը, կպատմե՞ք գրքի մասին:

– Երբ մեր լեգենդներն էի ուսումնասիրում, նկատեցի, որ մռայլ պատկերներն ավելի շատ են: Այդ իսկ պատճառով վերցրեցի հիմքերը և ստեղծեցի նոր պատմություն, որտեղ կար ուրախ, բարի թագավոր, ժողովուրդ, վերջաբան, խելացի արքայադուստր: Ես ցանկանում էի, որ ժամանակակից հերոսներ ունենայինք, որ երեխաները ոչ թե օտար ազգի հերոսներով տարվեին, այլ մեր հերոսներով: Հիմա էլ Ծաղկաձորի մասին ենք գիրք հրատարակում: Ունենք նաև «Նոյան տապան» գիրքը, որը միակ գիրքն է, որտեղ նշվում է, որ Նոյն Արարատ լեռան վրա է կանգնել: Երեխաների կյանքը հեքիաթ է, և ամեն մարդ հեքիաթի կարիք ունի:

– Ի՞նչն է ոգեշնչում դիզայներ Նինա Հովնանյանին:

– Ամեն ինչ: Մանկական հագուստի ստեղծման համար ոգեշնչում են հեքիաթները, խաղալիքները, այն ամենն, ինչ երեխաները սիրում են: Ինձ ոգեշնչում է բնությունը, երաժշտությունը:

– Որպես դիզայներ` ի՞նչ երազանք ունեք:

– Ես մեծ ցանկություն ունեմ, որ հայ ժողովուրդը գնահատի այն, ինչ իրենն է, և դրսի ապրանքի վրա աչք ունենալու փոխարեն՝ զարգացնի և գնի հայկականը: Ես Ամերիկայում ամեն ինչ թողել եմ և եկել եմ այստեղ` հավատալով, որ կարող եմ ինչ-որ բան փոխել: Ուզում եմ, որ բոլորն էլ ունենան այդ հավատը, առանց հավատի ոչինչ չի կարող լինել: Հայաստանում պետք է գնել հայկականը: Ի՞նչ է, հայ լինելը վա՞տ է, մենք մեր ապրանքը տանում ենք ԱՄՆ, ու մարդիկ խենթանում են, իսկ այստեղ ասում են` «ըխք, հայկական է»: Հայերը նախընտրում են չինական կամ թուրքական զիբիլ ապրանքը, քան հայկականը, մինչդեռ մենք կարող ենք կատարյալ ապրանք պատրաստել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս