
«Բժշկականը» ԵՊՀ-ից խլեց առաջին տեղը

ՀՀ ՊԵԿ 1000 խոշոր հարկատուների ցանկում Երևանի բժշկական համալսարանն ամենից շատ հարկեր վճարած բուհն է։ 2012թ. հունվար-սեպտեմբերին այս բուհը 57%-ով ավելացրել է բյուջե վճարված հարկերի ծավալը՝ հասցնելով 614.1 միլիոն դրամի։ ԵՊՀ-ի վճարած հարկերը նվազել են 21.7%-ով և կազմել են 477.9 միլիոն դրամ։
Այսպիսով, «Բժշկականը» հունվար-սեպտեմբեր ամիսների խոշոր հարկատուների ցանկում 158-րդ տեղից բարձրացել է 108-րդ տեղը։ Իսկ Երևանի պետական համալսարանը 92-րդ հորիզոնականից իջել է 132-րդ։
Խոշոր հարկատու բուհերի ցանկում երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Այս բուհը հաշվետու ժամանակաշրջանում պետբյուջե է վճարել 231.6 միլիոն դրամի հարկեր (29.4%-ով ավելի շատ) և տեղ զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 277-րդ հորիզոնականում։
Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են 12 բուհեր, որոնք, ընդհանուր առմամբ, պետբյուջե են վճարել 2 միլիարդ 472 միլիոն դրամի հարկեր։ Դա շուրջ 7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։