Պայմանավորվել են փոխարինել Արզումանյանին

«ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում «Ժառանգություն» խմբակցությունը համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել, որպեսզի միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններում Ալեքսանդր Արզումանյանին փոխարինի խմբակցության այլ անդամով»,-  այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա, նման իրավիճակ առաջացավ այն բանից հետո, երբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց, որ Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնում է միայն ֆորմալ առումով:

«Մենք ցանկանում էինք, որ Ալեքսանդր Արզումանյանն այլ ֆորմատով ներկայացնի «Ժառանգությունը», բայց նա հայտարարեց, որ ներկայացնում է «Ազատ դեմոկրատները», այդ պատճառով մենք որոշեցինք նրան փոխարինել խմբակցության այն անդամով, ով կներկայացնի խմբակցության դիրքորոշումը»,- ասաց Ռ. Հակոբյանը:

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք պայմանավորվածությունը կայացել է ԱԺ նախագահի հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ պայմանավորվածություններն իրականացվելու են ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի և վերաբերելու են նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որում Արզումանյանը զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Արզումանյանը չորս միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակության անդամ է. Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողով, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով` «Եվրանեսթ», Միջխորհրդարանական միություն և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով: Ալեքսանդր Արզումանյանը նաև «Եվրանեսթի» Էներգետիկայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է, և ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս