Անհավանական կլինի, որ ՀԱԿ-ը սեփական փաթեթին դեմ քվեարկի

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է. «Չկա բացարձակ ընտրական համակարգ: Դրա համար անիմաստ է, ասել, թե սա լավ է: Ոչ խառը համակարգն է մի բան, ոչ մեծամասնականը, ոչ էլ համամասնականը: Կարևորը՝ թե ինչպես ենք մենք դա կյանքում իրագործում: Բնական է, որ կառավարությունը դեմ պիտի լինի, որովհետև այդ կառավարությունը ձևավորվել է դրա արդյունքում, ո՞նց կարող է դեմ չլինի»:

168.am-ի հարցին, թե չե՞ք կարծում, որ Գ. Ջհանգիրյանն այս հայտարարությամբ, ըստ էության, ներկայացրեց այն, ինչ՝ իշխանությունները, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Գագիկ Ջհանգիրյանն իշխանությունների տեսակետն է ներկայացնում»:

Նաև հավելեց. «Մեկ առումով ես համաձայն եմ պարոն Ջհանգիրյանի հետ: Եթե մենք ապրեինք ժողովրդավարական երկրում, եթե մեր ընտրական իստիտուտները լինեին ժողովրդավար, եթե երկրում լիներ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ապա՝ միանշանակ համաձայն եմ պարոն Ջհանգիրյանի հետ, որ բացարձակապես կապ չունի, թե ի՞նչ ընտրակարգով կանցկացվեր ընտրական գործընթացը՝ մեծամասնակա՞ն, համամասնակա՞ն, թե՞ խառը:

Մենք գիտենք ժողովրդավարական երկրներ, որտեղ ընտրություններն անցկացվում են բացառապես մեծամասնական ընտրակարգով: Խոսքը Հայաստանի և մեզ նման երկրների մասին է, որտեղ կա խայտառակ ընտրական ավանդույթ, որտեղ չկա քաղաքական կամք արդար և ազատ ընտրություններ անցկացնելու համար:

Կարդացեք նաև

Այս դեպքում մենք գոնե պետք է ընտրենք այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա գոնե մինիմալիզացնելու ընտրակեղծիքները: Իսկ մեծամասնական ընտրակարգը իշխանությունների ձեռքում մշտապես գտնվող այն բոնուսն է, ինչի միջոցով նրանք կարողանում են միանգամից ստարտային առավելություն ունենալ ընտրություններին մասնակցող մնացած բոլոր քաղաքական ուժերի հանդեպ»:

Իսկ հարցին, թե, այնուամենայիվ, հաշվի առնելով ՀԱԿ ներկայացուցչի վերոնշյալ գնահատականը՝ ՀԱԿ-ը կո՞ղմ է, թե՞ դեմ կքվեարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու ԲՀԿ առաջարկին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, թե ՀԱԿ-ը նեկայացրել է փաթեթ, որի հիմնական մեխերից մեկը հարյուր տոկոսանոց ընտրական համակարգին անցնելն է և «անհավանական կլինի, որ ՀԱԿ-ը սեփական փաթեթին քվեարկի դեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս