«Հարսնաքարի» մատուցողի հարցերը՝ տուժող Արտակ Բայադյանին, մնացին անպատասխան
Պատասխանելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող, գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հարցին՝ գործով տուժող Արտակ Բայադյանը դատարանում նշեց, որ դեպքի վերաբերյալ իր ընկալման վրա չեն ազդել դեպքին մասնակից լինելու հանգամանքը կամ վախի զգացումը:
Տուժող Արտակ Բայադյանը չցանկացավ մեկնաբանել հարցը՝ արդյո՞ք Դիանա Նավոյանի ներկայությունը կարող էր Վահե Ավետյանին դրդել ինչ-որ քայլեր կատարելու՝ Դիանայի մոտ տպավորություն թողնելու համար: Նա նաև նշեց, որ տեղյակ չէ՝ ինչո՞ւ է Արկադին վարել Վահեի մեքենան «Հարսնաքար» ռեստորանային համալիր գալու ժամանակ:
«Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգարին ճանաչում եմ շուրջ չորս տարի: Էդգարին ճանաչում եմ երկու տարի: Բոլորս ընկերներ ենք: Ավելի մոտ եմ Վահեի հետ»,- ասաց Արտակ Բայադյանը՝ պատասխանելով Սերգեյ Մկրտչյանի հարցին՝ որքան ժամանակ է ճանաչում գործով մյուս տուժողներին ու ինչ հարաբերություններ ունի վերջիններիս հետ:
Արտակ Բայադյանը չցանկացավ կարծիք հայտնել՝ արդյոք մատուցող Դավիթը (վերջինս Վահե Ավետյանին ասել էր, սպորտային տաբատով ռեստորանային համալիր չի թույլատրվում) արտահայտե՞լ է իր պահանջը, թե՞ դա «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահանջներն են:
Տուժողը նաև ասաց, որ չի ֆիքսել նման պահ, որ իր սեղանակիցներից ինչ-որ մեկը կանչի կամ պահանջի, որ իրենց մոտենա մատուցող Դավիթը: «Չեմ կարող բացատրել՝ ինչո՞ւ է Արկադին դուրս եկել Վահեի հետ, երբ մատուցող Դավիթը նրան դուրս է հրավիրել»,- ասաց Արտակ Բայադյանը: Նա նաև նշեց, որ ավտոկայանատեղում նկատել է մատուցող Դավիթին, բայց այն վիճակում չի եղել, որ տեսնի՝ ինչ գործողություններ է նա կատարել:
Մատուցող Դավիթ Ադամյանը մի քանի հարց ուղղեց Արտակ Բայադյանին. «Լավ իմանալով, որ ես Ձեզ չեմ սպասարկելու, ինչո՞ւ եք մատուցողին ուղարկել ինձ կանչելու: Ձեզ տեղյակ եմ պահել, որ ես Ձեզ չեմ սպասարկելու, քանի որ Դուք ինձ վատ եք վերաբերվել: Ինչի՞ համար էիք կողքի սեղանից ներողություն խնդրում, եթե հայհոյանքներ չեք տվել»:
Վերջինիս հարցերն անպատասխան մնացին, քանի որ դատարանը հանեց հարցերի մի մասը, մյուսներն էլ, ըստ դատարանի, վերաձևակերպման կարիք ունեին:
Այժմ դատարանը հրապարակում է Արտակ Բայադյանի ցուցմունքները: