«Հայաստանը հարված կհասցնի Ադրբեջանին միայն այն դեպքում, երբ վերջինս հարձակում գործի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի վրա». Սերժ Սարգսյան
«ՀՀ նախագահը խորապես մտահոգված է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը զինված հակամարտության մեջ ներքաշելու ցանկությամբ»,- գրում է ամերիկյան «The Wall Steet Journal» պարբերականը, որը զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ըստ «civilnet.am»-ի` «The Wall Steet Journal»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանը զգուշացրել է, որ այդ դեպքում հայկական ուժերը կտան «անհամաչափ» ուժեղ պատասխան։
ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանի կառավարությունը կողմ է ավելի քան 2 տասնամյակ շարունակվող հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին։
«Ցավոք, ես կարծում եմ, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար։ Ես մտահոգված եմ, որ նման սխալը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին, սակայն ամենամեծ վնասը կհասցվի Ադրբեջանի ժողովրդին։ Մենք կողքից չենք հետևի, եթե փորձ արվի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասել է նա։
Պարբերականը հիշեցնում է, որ շփման գծում լարվածությունը վերջին ամիսներին մեծացել է, և Հայաստանի ու Ադրբեջանի դիրքապահները փոխադարձ հրաձգության են ենթարկում միմյանց։
WSJ-ը նշում է նաև, որ ռազմական հռետորաբանությունն ակտիվացել է օգոստոսին, «երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես հերոս ընդունեց Ռամիլ Սաֆարովին՝ ադրբեջանցի սպա, ով 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացի ընթացքում կացնահարել էր հայ սպային»։
Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային ներգրավվածության կարևորությունը` կողմերի միջև լարվածության նվազեցման համար: «Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որը զուրկ կլիներ միջազգային ներգրավումից, պատերազմն արդեն սկսված կլիներ»,- նշել է նախագահը:
Ըստ panorama.am-ի` պարբերականը գրում է, որոշ դիտորդներ նշել են, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շախմատի սիրահար է և իր քաղաքական հեղինակությունը կառուցել է երկար տարիներ լինելով պաշտպանության նախարար` մտադիր է փետրվարին տեղի ունեցող նախագահական ընտրություններում երկրորդ անգամ վերընտրվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամսագրին ասել է. «Հայաստանը հարված կհասցնի Ադրբեջանին միայն այն դեպքում, երբ վերջինս հարձակում գործի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի վրա ՝ միաժամանակ Երևանի պատասխանն առավել ուժեղ է լինելու»: