ԱԺ կին պատգամավորների ունեցվածքը
Ազգային ժողովի 14 կին պատգամավորները մեծամասամբ նյութական մեծ կարողություններ չունեն: Դատելով նախընտրական շրջանում պատգամավորության թեկնածուներ գրանցվելու համար ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերից, հաշվետու տարում ամենաշատ եկամուտներ, անշարժ գույք և դրամական միջոցներ ունեցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը, ամենաքիչ ունեցվածք` «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով հայտարարագրել է միայն մեկ բնակարան:
Ըստ «parliamentmonitoring.am» կայքում տեղադրված հայտարարագրերի, կին պատգամավորները չունեն թանկարժեք գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ, բացառությամբ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանի, ով հայտարարագրի «Արժեթուղթ և այլ ներդրում» բաժնում նշել է «Բեգ-Միք» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսի օտարում:
Շարժական գույք ունեն միայն երեքը. մեկական ավտոմեքենա են հայտարարագրել հանրապետականներ Մարգարիտ Եսայանը («Տոյոտա Յարիս»), Արփինե Հովհաննիսյանը (Nissan Tida) և Շուշան Պետրոսյանը (Պորշ Կայեն):
Հաշվետու տարվա եկամուտը միայն աշխատավարձի տեսքով հայտարարագրել են նրանցից 9-ը` հանրապետականներ Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:
Հանրապետականներ Հերմինե Նաղդալյանի հաշվետու տարվա եկամուտը 781 մլն 548 հազար դրամ է (3 մլն 153 հազարը` պատգամավորի աշխատավարձ, մնացածը` շահաբաժին և փոխառություն), Մարինե Մարաբյանինը` 30 մլն 319 հազար 940 դրամ (22 միլիոնը` փոխառություն, մնացածը` աշխատավարձ «Ինթերնեշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ից), «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանինը` 8 մլն 160 հազար դրամ (660 հազար դրամը աշխատավարձ, մնացածը` շահաբաժին և մեքենայի վաճառքից ստացված եկամուտ):
ՀՀԿ անդամ Շուշան Պետրոսյանը և «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Լյուդմիլա Սարգսյանը հաշվետու տարում եկամուտներ չեն ունեցել:
ՀՀԿ խմբակցության 9 կին պատգամավորներից անշարժ գույք են հայտարարագրել 8-ը. ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` 2 բնակարան Երևանում` 205.6 քմ ընդհանուր մակերեսով, 4 հողամաս` մոտ 1 հա տարածքով, 2 շինություն` 790 քմ ընդհանուր մակերեսով, Կարինե Աճեմյանը` 1 շինություն Երևանում (32.8 քմ) և 2 հողամաս Կոտայքի մարզում (4.3 հա), Մարգարիտ Եսայանը` 1 բնակարան (78 քմ) և 1 ամառանոց (1200 քմ), Նաիրա Կարապետյանը` 1 բնակարան (93 քմ), Ռուզաննա Մուրադյանը` 1 բնակարան (61.5 քմ ), Շուշան Պետրոսյանը` 1 բնակարան (65 քմ) և 1 արվեստանոց (85 քմ), Կարինե Պողոսյանը` 1 բնակարան Արտաշատում (63.6 քմ), Մարինե Մարաբյանը` 2 բնակարան (141.1 քմ ընդհանուր մակերեսով):
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը հայտարարագրել է 3 բնակարան Երևանում` 200.6 քմ ընդհանուր մակերեսով, իսկ Էլինար Վարդանյանը` 1 բնակարան (72.5 քմ):
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարագրել է 1 բնակարան` 51 քմ մակերեսով:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարագրել է 1 բնակարան` 77 քմ մակերեսով և 1 ավտոտնակ` 19.3 քմ մակերեսով Երևանում:
ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը և «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ըստ հայտարարագրերի, անշարժ գույք չունեն:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ԱԺ 14 կին պատգամավորներից դրամական միջոցներ չեն ունեցել 6-ը` հանրապետականներ Արփինե Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ական Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգություն» անդամ Զարուհի Փոստանջյանը:
Հանրապետականներ Հերմինե Նաղդալյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 100 մլն ՀՀ դրամ և 30 հազար ԱՄՆ դոլար, Կարինե Աճեմյանը` 2 մլն ՀՀ դրամ, 21 հազար ԱՄՆ դոլար և 5500 եվրո, Մարգարիտ Եսայանը` 2000 ԱՄՆ դոլար, Նաիրա Կարապետյանը` 3 մլն 100 հազ. դրամ, Կարինե Պողոսյանը` 500 հազար դրամ, Մարինե Մարաբյանը` 40 մլն ՀՀ դրամ և 145 հազ. ԱՄՆ դոլար, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը` 26 մլն ՀՀ դրամ և 15 հազար 300 ԱՄՆ դոլար, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը` 32 հազար ԱՄՆ դոլար: