«Այսօր սպառողը չի թափահարել իր ձեռքը և շուկա պահանջել»

Մինչև մյուս տարի հացի գինը վայրիվերումներ կունենա, հնարավոր է՝ նաև բարձրանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության նախագահ Մելիտա Հակոբյանը: Ըստ նրա՝ եթե բարձրանա գազի գինը, ապա դա իր հերթին՝ կազդի հացի, ինչպես նաև՝ մյուս ապրանքների գնի բարձրացման վրա:

Մելիտա Հակոբյանը նշեց, որ այսօր ցանկացած մարդ կարող է  25.000 դրամ մուծել պետբյուջե, ստանալ լիցենզիա և սկսել հաց թխել իր «պադվալում». «Բայց նա պետք է ոչ միայն լիցենզիա ստանա,  այլև  իր արտադրությունը համապատասխանեցնի արտադրության նորմերին: Դեռ մի քանի տարի առաջ՝ 2005 թե 2006 թվականին, մենք առաջարկեցինք օրենք ընդունել հացի մասին, բայց այդ օրենքը մնաց թղթի վրա»:

Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության նախագահի խոսքով`Հայաստանը շրջապատված է «բարեկամ և ոչ բարեկամ» պետություններով, ինչը նշանակում է, որ երկիրն առնվազն վեց ամսվա կամ մեկ տարվա համար հացի պահուստ պետք է ունենար գնի նման վայրիվերումներին դիմանալու համար: Նրա տեղեկացմամբ`Հայաստանում հաճախ լսում են հացահատիկի գների թանկացման մասին ու բարձրացնում գները, բայց դրանց իջեցման մասին չեն լսում ու համապատասխան գործողություններ չեն իրականացնում:

Մելիտա Հակոբյանը նաև նշում է, որ այսօր արտադրողն ու ներկրողն են սպառողին թելադրում՝ ինչ գնել, այնինչ պետք է լիներ հակառակը. «Այսօր սպառողը չի թափահարել իր ձեռքը և շուկա պահանջել, քանի որ գրպանում քիչ գումար ունի»:

Կարդացեք նաև

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս