«Հիմա ես եղո՞ւնգ եմ նայում». Աշոտ Գիզիրյան
Հարցազրույց Շիրակի ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ
– Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ներկա չէիք ԱԺ համատեղ հանձնաժողովներում, տեղի ունեցող 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներին:
– Դա շա՞տ է ձեզ հետաքրքրում: Առանձնապես ոչ մի խնդիր չկար: Երևի իմ ձայնից էլ զգում եք, որ մի քիչ վատառողջ էի, հիվանդ էի: Հետաքրքիր հարց եք տալիս՝ չեմ եղել, ու միանգամից երևացե՞լ է, որ չեմ եղել: Այդքան կարևո՞ր անձ եմ:
– Չէ՞ որ Շիրակի մարզպետն եք:
– Հասկացանք, հասկացանք, տեսաք՝ դուք հարցրեցիք, ես էլ ձեզ պատասխանեցի:
– Իսկ 2013թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված՝ Շիրակի մարզին հատկացված գումարը բավարա՞ր է մարզի խնդիրները հոգալու համար: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր մարզին հատկացված բյուջեն:
– Այն, ինչ տրամադրվել է, արդեն իսկ տրամադրվել է: Կարծում եմ՝ ընդհանրապես փողը երբևէ շատ չի լինում: Ինչքան կա, այդքանով էլ բավարարվում ենք:
– Պարոն Գիզիրյան, Դուք՝ որպես գեներալ, ինչպեսև ասել էիք տաքսու վարորդների հետ հանդիպմանը, ովքեր այսօր բողոքի ցույց էին կազմակերպել և իրենց դժգոհությունն էին հայտնել իրենց անհարկի տուգանելու համար, ինչպե՞ս եք օժանդակելու նրանց:
– Բազմիցս եղել են նման երևույթներ, և իրենց չեն տուգանել, բայց դա չի նշանակում, որ իրենք անօրինականություններ պետք է թույլ տան, և իրենց չտուգանեն դրա համար: Հիմա զբաղվում եմ այդ հարցով և աշխատելու եմ ինչ-որ տեղ օգտակար լինել իրենց:
– Այսինքն՝ ի՞նչ եք անելու այդ ուղղությամբ:
– Դիմել եմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, որպեսզի մասնագետներ ուղարկեն՝ տեղում քննարկենք, տեսնենք՝ ինչո՞վ կարող ենք օգնել իրենց:
– Իսկ նրանք Ձեզ ի՞նչ բողոքներ էին ներկայացնում:
– Տարբեր բաների համար: Մարդ կա, որ ասում էր՝ լիցենզիա հանելու գումարը մեծ է, մարդ կա, որ ասում էր՝ դեղին պետհամարանիշով չի կարող անցնել Վրաստանի սահմանը, մյուսն էլ՝ ուրիշ բան է մեջբերում: Մի քանի անգամ եկել են ինձ մոտ՝ օգնել եմ իրենց, աջակցել եմ, և արդեն, կարելի է ասել, «խասյաթ» է դարձել իրենց մոտ: Հենց մի ակտ են գրում, ասում են՝ գնանք մարզպետարան՝ Գիզիրյանի մոտ, բայց հո մենք չե՞նք կարող ամեն անգամ իրենց հարցերով զբաղվել: Ես ո՛չ ակտ գրողն եմ, ո՛չ էլ՝ պատասխանատուն: Ուղղակի, քանի որ Շիրակի մարզպետն եմ, իրենք էլ մեր ժողովուրդն են, զուտ դրա համար իրենց պահում եմ:
– Իսկ պատասխան ստացե՞լ եք նախարարությունից:
– Առայժմ՝ ոչ: Կարծում եմ՝ պատասխան կստանամ, և ամեն ինչ նորմալ կլինի: Ելքը կգտնենք, և բոլորն էլ բավարարված կլինեն:
– Իսկ Ձեր կարծիքով` ո՞րն է այդ ելքը:
– Չեմ հասկանում՝ հիմա ես եղո՞ւնգ եմ նայում, որ ասեմ՝ ելքը որն է լինելու: Կքննարկենք, ելքն էլ կգտնենք այդ ընթացքում:
– Իսկ Գյումրիի նորընտիր քաղաքապետի օրոք տեղաշարժեր նկատո՞ւմ եք Գյումրիում:
– Ընդամենն անցել է 20-25 օր, Դուք ինչի՞ եք վռազում: Գյումրիում տեղաշարժ արդեն կա. այն, որ Գյումրիում փոփոխություն է կատարվել, դա արդեն դրական տեղաշարժ է:
– Իսկ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ նախընտրական շրջանում Դուք` որպես մարզի ղեկավար, հրահանգ եք ստացել ՀՀԿ թեկնածուի` գործող նախագահի օգտին «ձայներ» հավաքել:
– Հավաստիացնում եմ, որ նման հրահանգներ չեն տրվել: Երբ կգա ժամանակը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի, ես՝ որպես Շիրակի մարզպետ, վստահեցնում եմ Ձեզ, որ ինձ հրահանգ չտալու դեպքում էլ աշխատելու եմ: Իսկ գիտե՞ք՝ ինչո՞ւ, որովհետև ինքը եղել է իմ նախարարը, ես իրեն գիտեմ ղարաբաղյան շարժումից…