Արամ Մանուկյանը կարողացել է ճշտե՞լ. Սեդա Սաֆարյան
168.am-ի հարցին` արդյո՞ք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությունը, թե Մարտի 1-ի դեպքերի հետ ԲՀԿ-ն կապ չունի, և, որ Մարտի մեկը «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող ուժերի: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ, էլի», չի՞ հակասում ու չի՞ զրոյացնում Փաստահավաք խմբի կատարած աշխատանքը, խմբի անդամ Սեդա Սաֆարյանը պատասխանեց.
«Մարտի 1-ի հետ կապված մենք զեկույց ենք ներկայացրել: Դրանից ավելին ասել չեմ կարող: ԲՀԿ-ի՞ մասնակցություն է եղել, թե՞ թիկնապահի, ասել չեմ կարող: Ինչպես գիտեք, մեզ չհաջողվեց մուտք գործել պահեստ (ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստ, որտեղ Փաստահավաք խումբը ցանկանում էր պարզել Մարտի 1-ին վերը նշված քանակի զինվորական համազգեստի ապօրինի դուրսբերման փաստը.- Տ.Մ.), որովհետև պահեստի դուռը չբացվեց:
Ինչքան ես գիտեմ, մեր փորձից հետո Սամվել Նիկոյանի հանձնաժողովի անդամները գնացել են իրային պահեստ, բայց, թե այնտեղ ի՞նչ են նրանք արձանագրել, ասել չեմ կարող: Մենք չկարողացանք մտնել պահեստ, ու ձեռք բերված տեղեկությունն այդպես էլ տեղեկություն մնաց. այն ոչ հաստատվեց, ոչ էլ հերքվեց»:
Սեդա Սաֆարյանը հավելեց, որ իր համար պարզ չէ, թե ինչի՞ հիմքում է Արամ Մանուկյանը նման հայտարարություն արել: «Չգիտեմ, թե Արամ Մանուկյանը որտեղի՞ց է վերցրել նման հերքող տեղեկությունը: Դրանք հենց նույն ՀԱԿ-ի տեղեկություններն էին: Թե ինչպե՞ս են նրանք պարզել` մասնակցություն ունի՞ ԲՀԿ-ն, թե՞ ոչ, չգիտեմ: Դե, պետք է որ հղում արվեր` ինչի՞ց ելնելով են նման հայտարարություն անում:
Ախր, մեր աշխատանքը չհասցրինք կատարել, որ ես ձեզ ասեմ, թե արդյո՞ք զրոյացվում է մեր աշխատանքը, թե՞ ոչ: ՀԱԿ-ի տրամադրած տեղեկությամբ` մենք գնացել ենք պահեստ, բայց մուտք գործել ու ճշտել, թե արդյոք գրառումներ մատյաններում կա՞ն, թե՞ ոչ, մեզ չի հաջողվել: Եթե Արամ Մանուկյանը կարողացել է ճշտե՞լ…
Կոնկրետ ես ինձ՝ որպես խմբի անդամ, այն ժամանակ վիրավորված էի զգում, որ երկրի նախագահի մակարդակով լայնածավալ լիազորություններով օժտված խմբին չհաջողվեց ո՛չ հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկությունը»,- շեշտեց Ս. Սաֆարյանը: