Ֆրանկ դե Բուր. Հարկավոր է հավատալ սեփական ուժերին
Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հուսով է, որ Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի 4-րդ տուրում իր թիմը կարող է միավորներ վաստակել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:
«Մեր խմբի յուրաքանչյուր մասնակիցն էլ ցանկանում է շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում: Բնականաբար, «Մանչեսթեր Սիթիին» անհրաժեշտ է 9 միավոր վաստակել մնացած 3 խաղերում, բայց մենք, անկասկած, կփորձենք միավորներ կորզել Մանչեսթերում: Չենք պատրաստվում բաց ֆուտբոլ խաղալ, բայց պաշտպանությունից գործելը մեր խաղաոճը չէ: «Այաքսն» իր սեփական ձեռագիրն ունի՝ լինի դա՝ տնային, թե արտագնա հանդիպում:
Ամստերդամում կայացած խաղից առաջ ես տղաներին ասացի, որ մեր ֆուտբոլը ցուցադրելու դեպքում կարող ենք բարդացնել ցանկացածի կյանքը: Հարկավոր է պարզապես հավատալ սեփական ուժերին: Ցանկանում եմ, որ սաներս համարձակ խաղան: Եթե Դուք բարձրակարգ ֆուտբոլիստ եք, ապա լավագույն խաղը ցուցադրում եք երբ ճնշման տակ եք լինում: Հուսով եմ՝ բոլոր ֆուտբոլիստներս կանեն դա Մանչեսթերում»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը