Բանակցությունների նոր փուլ` ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը վերացնելու նպատակով

«Եվրամիության կողմից Հայաստանին յուրաքանչյուր տարի հատկացվող բյուջետային օգնությունը նպատակաուղղված է ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի օժանդակությանը: 2011-2013թթ. ազգային ինդիկատիվ ծրագրով Հայաստանին ԵՄ-ի հատկացումների ծավալը հասնում է 157 մլն եվրոյի, որը ներառում է նաև Հայաստանի պետական հաստատությունների կարողությունների ամրապնդման համար նախատեսված 32 մլն եվրոն»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը` հավելելով, որ, գնահատելով Հայաստանում բարեփոխումներին ուղղված ջանքերը, ԵՄ-ն որոշել է լրացուցիչ 15 մլն եվրո հատկացնել Հայաստանին:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Եվրոպական Միության հետ հարաբերությունների շարունակական խորացմանը: Վերջին շրջանում զգալիորեն ընդլայնվել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը: Ներկայումս ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում առկա է բավական բարձր դինամիկա, նշանակալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները»,- հայտնել է նախարարը:

Նրա գնահատմամբ, զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ 2010թ.-ի հուլիսից մեկնարկած բանակցություններում: «Ներկա դրությամբ բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող թվով 29 գլուխներից 28-ը»,- նշել է նա:

Է. Նալբանդյանը հայտնել է նաև, որ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են ընթացիկ տարվա հունիսին, և երկու փուլերի արդյունքում արդեն որոշակի առաջընթաց է արձանագրվել: Ավարտվել են վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք նախաստորագրվել են հոկտեմբերի 18-ին: Դրանք, ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածության, կստորագրեն մոտակա ժամանակաշրջանում` Բրյուսելում կայանալիք Հայաստան- ԵՄ համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում:

Վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում ՀՀ մի շարք կատեգորիաների քաղաքացիների, մասնավորապես` գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում գործող սփյուռքի կառույցների հրավերներով մեկնող քաղաքացիների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և այլոց համար:

Էդ. Նալբանդյանի խոսքով` որ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է բանակցությունների նոր փուլ սկսել ԵՄ-ի հետ` ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզային ռեժիմի ազատականացման նպատակով, այսինքն` վերացնել վիզային ռեժիմը ԵՄ-ի հետ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս